Մարտի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին:
Հանդիպման հենց սկզբում Ջոն Պրեսկոտը, նշելով, որ մարտի մեկից հետո սա իր 6-րդ այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, նկատեց, որ թեև որոշ դրական փոփոխություններ կատարվել են այս ժամանակահատվածում, ինչը ողջունում են, այդուամենայնիվ կան դեռ լուծման կարիք ունեցող խնդիրներ:
«Մեր խնդիրն է ծանոթանալ և ապա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին զեկուցել, թե որքանով է Հայաստանը կատարել ստանձնած պարտավորությունները և ինչ խնդիրներ կան այսօր»,- ասել է Ջոն Պրեսկոտը:
Համազեկուցողների ուշադրության առանցքում ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, «Ժողովներ, հավաքներ , երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, արդարադատության և ոստիկանության ոլորտների բարեփոխումները, 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող անձանց խնդիրները:
Դրական գնահատելով, որ որոշ մարդիկ համաներմամբ ազատ են արձակվել, այդուամենայնիվ, դեռևս կան անազատության մեջ գտնվող մարդիկ, ասել է Պրեսկոտը, միևնույն ժամանակ որպես անհաջողություն գնահատելով այն փաստը, որ չհաջողվեց մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել: «Հասարակությունը բավարարվում է, երբ տեսնում է, որ ճիշտ հետաքննություն է իրականացվել»,- Պրեսկոտի խոսքերն է փոխանցում ՀՀ Արդարադառության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացնելով այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները, միևնույն ժամանակ նկատեց. «Ցավալի է, որ մարտյան դեպքերից երեք տարի անց մենք դեռ շարունակում ենք խոսել հետընտրական իրադարձությունների մասին: Հետընտրական այս զարգացումները հնարավորություն չեն տալիս քաղաքական իշխանություններին լիարժեքորեն իրականացնել բարեփոխումները»:
Այդուամենայնիվ, մինչև հաջորդ ընտրությունները ավելի քան մեկ տարի ժամանակ կա, որը բարենպաստ ժամանակահատված է բարեփոխումներն իրականացնելու համար: Հաջողության դեպքում կլինեն երաշխիքներ բարենապաստ մթնոլորտում ընտրություններ անցկացնելու համար: