«Ես ամենևին չեմ կասկածում, որ այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի է ունենալու նաև Հայաստանում, այսինքն՝ իշխանությունը վերջիվերջո ենթարկվելու է ժողովրդի կամքին։ Բայց նաև հավատացած եմ, որ ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում դա տեղի է ունենալու սահուն, անցնցում կերպով»։ Այս մասին Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի իր ելույթում հայտարարել է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դիմելով ժողովրդին` նա նշել է, որ «իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր թելադրած խաղի կանոնները, այն է՝ «մեզ հետ խոսել ոչ թե բիրտ ուժի, այլ հավասար քաղաքական գործընկերոջ դիրքերից»։
«Ես շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ մինչ այժմ ըմբռնումով է մոտեցել Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությանը, որը հակառակ որոշ հոռետեսների ու անհամբերների կանխագուշակումներին, տվել է իր շոշափելի արդյունքները, և որը, վստահաբար, հասցնելու է մեր բոլոր պահանջների կատարմանն ու ժողովրդի վերջնական հաղթանակին։ Այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ այդ ռազմավարությունը հիմնված էր ոչ այնքան մեր ճշմարտացիության գերագնահատման, որքան այն առարկայական (օբյեկտիվ) հաշվարկի վրա, որ ժողովրդի վիճակի բարելավման ուղղությամբ իշխանությունների որևէ դրական քայլ կատարելու անկարողությունը վերջիվերջո հանգեցնելու էր համատարած դժգոհության ու բողոքի անկասելի ալիքի, ինչի ականատեսն ենք այսօր։
Առաջիկայում այդ ալիքը ոչ թե մարելու, այլ հակառակը, անընդհատ ծավալվելու միտում է դրսեւորելու, որովհետեւ իշխանության սնանկությունը, մշտական գործոն լինելով, էներգիայի անսպառ աղբյուր է հանդիսանալու համաժողովրդական պայքարի համար։ Նաեւ՝ որովհետեւ սա բոլորովին նոր որակի շարժում է։ Մեր հանրահավաքներն այլեւս ո՛չ ընտրարշավային, ո՛չ էլ կուսակցական միջոցառումների բնույթ են կրում։ Մարդիկ գալիս են ո՛չ թե աջակցելու Տեր-Պետրոսյանին կամ Հայ Ազգային Կոնգրեսին, այլ լուծելու իրենց սեփական խնդիրները՝ հստակորեն գիտակցելով, որ բռնապետությունն ուղղված է ոչ այնքան քաղաքական ընդդիմության, որքան ողջ ժողովրդի դեմ։ Հետեւաբար, մենք շտապելու կամ իրադարձությունները փութացնելու խնդիր չունենք, համոզված լինելով, որ պայքարի հաջողությունը կախված է բացառապես մեր համբերությունից, ինքնավստահությունից, սառնասրտությունից ու կարգապահությունից։
Շտապելու խնդիր ունի իշխանությունը, որովհետև հապաղումը թե՛ նրա, թե՛ երկրի համար կարող է ճակատագրական լինել։ Ի՞նչ ստացավ նա՝ չարձագանքելով նախորդ հանրահավաքում ընդունված մեր հայտարարությանը. կրկնակի ավելի մարդաշատ հանրահավաք։ Եւս մի հանրահավաք, եւ իշխանությունն իր դեմ կգտնի ողջ ժողովրդին։ Ուստի եկել է ռեալ գործերի իրականացման ժամանակը, որովհետեւ մարդկանց այլեւս հնարավոր չէ կերակրել վարչապետի երկնավարդագույն անուրջներով՝ Հայկական աշխարհով, Գյումրու տեխնոպարկով, հյուսիս–հարավ երկաթգծով, Դիլիջանի ֆինանսաբանկային ու Ջերմուկի տուրիստական կենտրոններով եւ այլն։ Դատելով որոշ ազդանշաններից, մասնավորապես Սերժ Սարգսյանի վերջին երեք ելույթներից (մարտի 11, 12, 16), վարչախումբը կարծես-թե արդեն հասկացել է, որ անհնար է հավերժ անտեսել կուտակված խնդիրներն ու անհաղորդ մնալ ժողովրդի արդարացի պահանջներին, սակայն այդ դրական միտումը դեռեւս ապացույցի, այսինքն՝ խոսքից գործի վերածվելու կարիք ունի։
Հրատապ լուծում պահանջող ռեալ գործերից շատերը թվարկված են մարտիմեկյան մեր հայտարարության մեջ։ Որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորության ընձեռումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք, կարծում եմ, այս փուլում բավարար հիմք կարող են հանդիսանալ իշխանության հետ երկխոսություն սկսելու համար։ Մենք մաքսիմալիստ չենք և առայժմ իշխանությանն անկյուն սեղմելու մտադրություն չունենք։ Նշված երեք պահանջները հեշտությամբ լուծելի խնդիրներ են։ Ուստի հուսանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագրի լեզվով, թեև նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։