Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին:
ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ` վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացումը:
«Կարծում եմ` դա բխում է մեր ժողովուրդների շահերից, քանի որ տնտեսական տարածության և գործունեության դաշտի ընդլայնումը տնտեսվարող սուբյեկտների համար ավելացնում է երկու երկրների տնտեսական աճի ներուժը», – ասել է Սարգսյանը:
Ռամազ Նիկոլաիշվիլին ներկայացրել է ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձը` մասնավորապես, խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման, սպասարկման, պահպանման և մրցույթների անցկացման մասին: Տիգրան
Սարգսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում Վրաստանի փորձն օգտակար կլինի Հայաստանի համար:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող, այդ թվում` ճանապարհաշինության ծրագրերի նախագծեր: Երկուստեք ընդգծվել է այդ ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր: