Այսօր`մարտի 18-ին, Արևմուտքի պետությունները կարող են սկսել ռմբակոծել Քադաֆիի ուժերը` համաձայն ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի: Անօդաչու ավիացիայի առաջին հարձակումները կարող են սկսվել արդեն մի քանի ժամից, եթե Քադաֆին իրականացնի Բենղազիի «որոշիչ ճակատամարտի» վերաբերյալ իր սպառնալիքները, գրում է The Daily Telegraph-ը:
Բրիտանական Ռազմաօդային ուժերը կարող են ռազմական գործողություններ սկսել արդեն այսօր երեկոյան: Գործողությունների մեջ կարող են ներգրավվել նաև Քաթարի և Արաբական Էմիրությունների ուժերը:
Նախօրեին Քադաֆին սպառնացել էր, որ միջամտության դեպքում կսկսի կրակ արձակել բոլոր ինքնաթիռների և Միջերկրական ծովում հայտնվող նավերի ուղղությամբ: «Բոլոր շարժվող օբյեկտները` լինեն դրանք ռազմական կան քաղաքացիական, մեր թիրախը կդառնան հակահարձակման դեպքում»,- ասված է լիբիական պետական ԶԼՄ-ների կողմից տարածած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, քննարկելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումը, եկել են այն եզրակացության, որ Քադաֆին պետք է դադարեցնի ուժի կիրառումը սեփական ազգի նկատմամբ, և որոշել են համաձայնեցնել իրենց հետագա գործողությունները:
Թիվ 1973 բանաձևի նախագիծը մշակել էին Լիբանանը, Մեծ Բրիտանիան. Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Բանաձևը քննարկվում էր շուրջ երեք օր: Քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 10-ը կողմ են հանդես եկել բանաձևին, 5 պետություններ ձեռնպահ են մնացել, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Հնդկաստանը և Բրազիլիան:
Համաձայն ընդունված բանաձևի, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պահանջում է դադարեցնել ուժի կիրառումը Լիբիայի բնակչության հանդեպ: Խաղաղ բնակչության պաշտպանության համար ՄԱԿ-ը կոչ է անում ցանկացած միջոցների դիմել` բացառությամբ Լիբիայի օկուպացիայից կամ դրա որևէ հատվածի գրավման:
Լիբիայի ընդդիմությունը ցնծությամբ է ընդունել ՄԱԿ-ի որոշումը: Բենղազի քաղաքում, որը համարվում է Քադաֆիի ընդդիմադիրների հիմնական հենակետը, ժողովրդական զբոսանքներ և հանրահավաք է կազմակերպվել:
Իտալիան կարող է իր ռազմակայանները տրամադրել` բանաձևի որոշումը կյանքի կոչելու համար, հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով իտալական կառավարության աղբյուրներին:
Սակայն գերմանական զորքերը մասնակցություն չեն ունենա Լիբիայում հնարավոր ռազմական գործողություններին, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:
BBC-ի փոխանցմամբ` նախարարը նշել է, որ Գերմանիան զերծ է մնացել քվեարկությունից, քանի գտնում է, որ Լիբիայի դեմ իրականացվող գործողությունները շատ լուրջ վտանգ են ներկայացնում: