ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ճապոնիայի երկրաշարժերի և ցունամիների պատճառները Կուրիլյան կղզիների խնդրի մեջ է տեսնում: Նրա խոսքով` նման ճակատագիր է սպասվում բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի հետ վեճի կբռնվեն:
«Խնդրեմ, ցունամի ճապոնիայում: Դուք Կուրիլյան կղզինե՞րն էիք ուզում: Այ հիմա կհավաքեք ձեր բոլոր շինությունների ջարդոնները: Եվ ամբողջ 120 միլիոնով կսատկեք, եթե հանդգնեք կրկին մեզնից Կուրիլները պահանջել: Այդպես կլինի նաև մյուսների հետ: Թող մտածեն իրենց ապագայի մասին: Հա էլի, վրացական գինիներ, կամ էլ ինչ-որ դիտորդներ: Իսկ չե՞ք ցանկանում, որպեսզի աշխարհում առհասարակ մոռանան Վրաստան անունը: Եվ լինի ռուս-թուրքական սահման: Դե թող այդ մասին Սահակաշվիլին մտածի: Թե չե ցունամին աշխարհի մեկ այլ հատվածում կլինի` Կովկասում»,-հայտարարել է Ժիրինովսկին վրացական «Ռեգիոն TV»-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի խոսքով` ժամանակակից աշխարհում ամեն ինչ որոշում են 4 մայրաքաղաքներ` Միացյալ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելը, Վաշինգտոնը, Պեկինն ու Մոսկվան:
«Միաժամանակ Վաշինգտոնը ապագա չունի, այդ արհեստական պետությունը փլուզվելու է: Եվրոպան հին է, այսինքն աշխարհամաս, որն արդեն ոչ մի դերակատարություն չունի: Չինաստանը պայթյունի վտանգի առջև է կանգնած, և մնում է միայն տիեզերական Ռուսաստանը` հսկայական գումարներով, ռեսուրսներով և նոր զենքով, որի մասին ոչ ոք տեղյակ չի: Աշխարհի ցանկացած հատված կվերացնենք 15 րոպեների ընթացքում: Ամբողջ աշխարհամասեր կքնեն մշտնջենական քնով: Եվ վերջ»,- Ժիրինովսկու խոսքերն է փոխանցում «Նովոստի Գրուզիան»:
Բացի դա, ռուսաստանյան քաղաքկան գործիչը դիմել է Նոբելյան կոմիտե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նոբելյան խաղաղության մրցանակից զրկելու պահանջով: Նշենք, որ Օբաման Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել 2009 թվականին: «Դրանք ինչ խաղաղապահներ են, որոնք գնդակահարում են մի ողջ երկիր»: Քաղաքական գործչի խոսքով` «Լիբիայի իրադարձությունները հյուսիսատլանտյան զորքերի կողմից ագրեսիայի դրսևորում է, և, մասնավորապես, ԱՄՆ-ի, դա ցայտուն կերպով արտահայտված գաղութատիրական քաղաքականություն է»: