Home / Հայաստան / Գյումրիում երկրաշարժից տուժածները բնակարան չեն ստանում թղթարարության պատճառով

Գյումրիում երկրաշարժից տուժածները բնակարան չեն ստանում թղթարարության պատճառով

Վերջապես ե՞րբ են երկրաշարժից անօթևան ընտանիքներին զերծ պահելու ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից: Այսպիսի հարցով է սկսում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը: Դրա հեղինակները նշում են, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտու բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խումբը Գյումրիում 2009-2010 թթ. բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու էր հրավիրել անօթևանների հերթացուցակում հաշվառված 2400 ընտանիքների, սակայն պահանջվող փաստաթղթերը կարողացել են ներկայացնել նրանցից ընդամենը 1200-ը:

«Մեր ուսումնասիրություններով` հարյուրավոր անօթևան ընտանիքների կողմից փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն է, որ այդ  ընտանիքների մեկ կամ մի քանի անդամներ երկար ժամանակ է` բացակայում են Հայաստանից, նրանցից  շատերի նույնիսկ գտնվելու վայրի մասին նման խդիրներ ունեցող անօթևան ընտանիքների անդամները, իրենց պնդմամբ, վաղուց տեղեկություններ չունեն: Կան նաև դեպքեր, երբ բացակա անդամների անձնագրերի վավերականության ժամկետը վաղուց լրացել է, ուստի նրանք այդ և տարաբնույթ այլ պատճառներով չեն կարողանում լիազորագրեր ուղարկել», – հայտարարում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:

Հայտարարության հեղինակները նշում են, որ աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի դեռ մեկնարկին` 2009 թ. դեկտեմբերին պարզ էր դարձել, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների հատկացման կառավարական համապատասխան որոշումներում, և «Շիրակ կենտրոնը» ՀՀ կառավարության N 432 որոշման մեջ փոփոխություններ կատարելու  առաջարկով մի շարք դիմումներ է հղել ՀՀ կառավարությանը:

ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 5-ին որոշում է կայացրել լրացումներ ու փոփոխություններ կատարել 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում:

«Կատարված փոփոխություններով պիտի հնարավորություն տրվեր բնակարանի հավակնորդ անօթևան ընտանիքների ներկա անդամներին` ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին` բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:

Անշուշտ, այդ փոփոխությունները կարելի էր համարել շոշափելի աջակցություն հարյուրավոր այն անօթևան ընտանիքներին, որոնք իրենց ընտանիքների անդամների փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով անցած տարիներին չէին կարողացել բնակարան ստանալ:

Մյուս կողմից, այդ որոշումը ևս ունի բացասական կողմ, քանի որ  ընտանիքի բացակա անդամներին որպես շահառու չդիտարկելով` ընտանիքներից շատերը կկորցնեն բնակմակերես: Ավելացնենք, որ առանց այդ էլ ՀՀ կառավարության N 432 որոշմամբ աղետի գոտու անօթևան ընտանիքի անդամներին հատկացվում է երկրաշարժին կորցրած բնակարանի սենյակների թվից պակաս սենյակներով բնակարան, եթե ընտանիքի անդամների թվաքանակը պակասել է, սակայն մյուս դեպքում, եթե անօթևանի ընտանիքի կազմն ավելացել է, սենյակների քանակը չի ավելացվում և տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել են երկրաշարժին», – ասված է հայտարարության մեջ։

«Շիրակ կենտրոնը» նշում է, որ այս տարի, երբ արդեն սկսվել է երկրորդ փուլով բնակարանների բաշխման նպատակով փաստաթղթերի ընդունումը, ընտանիքի բացակա անդամներ ունեցող անօթևանները կրկին հայտնվել են փակուղու առջև, քանի որ բնակարանների բաշխման հանձնաժողովին աջակցող աշխատանքային խումբը նրանցից պահանջում է 2010 թ. օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանված և Գյումրու նոտարական գրասենյակում վավերացված հայտարարություն այն մասին, որ իրենց  բացակա անդամի վերադառնալու դեպքում իրենք պատրաստ են նրան ապահովել բնակմակերեսով: Սակայն Գյումրու նոտարական տարածքի նոտարը տարաբնույթ պատճառաբանություններով սովորաբար հրաժարվում է վավերացնել շահառուների կողմից կառավարության վերոհիշյալ որոշմամբ պահանջվող   հայտարարությունները:

«Օրերս արձագանքելով մեր գրասենյակ դիմած անօթևանների բողոքներին, հանդիպեցինք Գյումրու նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի հետ: ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման չկատարելն ու բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքների հայտարարությունները միայն բացառիկ դեպքերում վավերացնելը նոտարը պատճառաբանեց այն հանգամանքով, թե իրեն հիմնականում հավատ չեն ներշնչում դիմողների այն  հայտարարությունները, ըստ որոնց նրանց ընտանիքների բացակա անդամները իրոք չեն կարող լիազորագրեր ուղարկել: Ապա նա նաև կասկածանք հայտնեց, թե շատ քաղաքացիներ հնարավոր է որ բնակարանը ստանալուց անմիջապես հետո վաճառեն, քանի որ ի տարբերություն նախորդ տարիների` ներկայումս նման արգելք չկա: Ի դեպ, մեր զրույցի ժամանակ նոտարը հավաստիացրեց, որ ինքն իր մտավախությունների մասին տեղյակ է պահել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Մեզ նաև հայտնի է, որ նոտարը շահառուներին  հիմնականում խորհուրդ է տալիս դիմել դատարաններ և իրենց ընտանիքների բացակա անդամներին անհայտ բացակայողներ ճանաչելով լուծել այդ հարցը:

Այսքանից հետո մեզ համար անհասկանալի է մնում երկրաշարժից անօթևան ընտանիքների առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակն արհեսականորեն էլ ավելի ծանրացնելու և նրանց հանդեպ կիրառվող նման, մեղմ ասած, ոչ մարդասիրական վերաբերմունքի իմաստը», – նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները հույս են հայտնում, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես ՀՀ վարչապետը, ՀՀ քաղաքաշինության և արդարադատության նախարարները կարձագանքեն իրենց հայտարարությամբ հնչեցված ահազանգին և աղետի գոտում ավելի քան երկու տասնամյակ բնակարանների սպասող անօթևանների շահերից ելնելով, ինչպես նաև բնակարանների բաշխման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով կտրուկ միջոցների կդիմեն բնակարաններ ստանալու հավակնորդ ընտանիքներին ավելորդ թղթարարությունից և քաշքշուկներից զերծ պահելու համար: