Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոնակոյում անցնող կույր և արագ շախմատի «Ամբեր» գերմրցաշարի 9-րդ տուրում կրկին փայլուն հանդես եկավ: Այս անգամ նա ստիպեց անձնատուր լինել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին՝ հաղթելով վերջինիս 1,5:0,5 հաշվով:
Արոնյանն իր հաղթանակը մրցակցի նկատմամբ տարավ կույր շախմատի պարտիայում՝ խաղալով սպիտակ ֆիգուրներով, իսկ արագ շախմատում սևերով իր պարտիան ոչ-ոքի ավարտեց: Դա հնարավորություն տվեց Արոնյանին ևս կես միավորով առաջ անցնել նորվեգացի Մագնուս Կառլսենից, ով սկզբում կույր շախմատում պարտվեց հնդկաստանցի Վիշի Անանդին, ապա արագ շախմատում պարտության մատնեց մրցակցին՝ ամրագրելով մրցամարտի ընդհանուր հաշիվը՝ 1:1:
Այսպիսով, 9 տուրից հետո Արոնյանը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ընդհանուր հաշվարկում: Կառլսենը հայաստանցի շախմատիստին զիջում է 1 միավոր:
Վաղը Լևոն Արոնյանը հանդիպելու է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: