Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոր հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի իրավիճակի վերաբերյալ` սուր քննադատության ենթարկելով վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով, իր հերթին, քննադատել էր Լիբիայի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունած բանաձևը:
Լրագրողների հետ նախագահական նստավայրում ունեցած հանդիպման ընթացքում Մեդվեդևը ընդգծել է, որ «անհրաժեշտ է մաքսիմալ կերպով զգուշավոր լինել Լիբիայի իրավիճակը բնութագրող արտահայտություններում»:
«Չի կարելի այնպիսի արտահայտություններ թույլ տալ, որոնք կարող են հանգեցնել քաղաքակրթությունների բախումներին: Այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են օրինակ «խաչակրաց արշավանք» և այլն: Դա անընդունելի է: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է շատ ավելի վատ ավարտվել, քան անգամ ներկայիս իրավիճակն է: Այս մասին պետք է բոլորը հիշեն»,-ռուսաստանյան առաջնորդի խոսքերն է փոխանցում Կրեմլի պաշտոնական կայքը:
Խոսելով ՄԱԿ-ի բանաձևի վերաբերյալ իր վերաբերմունքի մասին Պուտինն օգտագործել է Քադաֆիի կողմնակիցների և հենց Ջամահիրիայի առաջնորդի բառապաշարը: «Եվ, առհասարակ, այդ բանաձևն ինձ հիշեցնում է խաչակրաց արշավանք սկսելու միջնադրյան կոչ, երբ ինչ-որ մեկին հորդորում էին գնալ որևէ վայր, և ինչ-որ տարածքներ ազատագրել»,- ասել է Պուտինը:
Բացի դա, ընդունված փաստաթուղթը նա անվանել է «ոչ լիարժեք և թերի» :Այս առնչությամբ Մեդվեդևը նշել է. «Ես այս բանաձևը սխալ չեմ համարում, այն ընդհանուր առմամբ արտահայտում է իրադարձությունների վերաբերյալ մեր պատկերացումները»: Սակայն ՌԴ-ն ձեռնպահ էր մնացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից առաջարկված բանաձևի օգտին քվարկելուց:
«Դա քվեարկելու իրավունքից հրաժարվելու գիտակցված քայլ էր»,-հայտարարել է ՌԴ նախագահը, որը քվեարկության ընթացքում ձեռնպահ մնաց, թեև կարող էր որպես ՄԱԿ-ի անվտագության խորհրդի հիմնական անդամ վետո դնել այդ որոշման վրա: «Մենք այդ քայլին գիտակցաբար գնացինք, այդպիսին էին ԱԳՆ-ին տրված իմ կարգադրությունները»,-հավելել է նա: