Մարտի 17-ի հանրահավաքը շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողվուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունում, որն ընդունվել է ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի նիստում:
«Այն նաև ապացուցեց, որ, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում՝ լուծել խաղաղ ճանապարհով: Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Մեր նպատակն է` հզորացնել ժողովրդի ճնշումն այն աստիճան, որ կարողանանք պարտադրել Սերժ Սարգսյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը:
Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այրունահեղությունից, ավերածություններից, անդառնալի կորուստներից», – նշված է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, Կոնգրեսը նշում է, որ ժողովրդի համբերությունը սպառվում է:
«Օրեցօր վատացող սոցիալական վիճակը մեծացնում է արմատական գործողությունների պատրաստ մարդկանց թիվը: Ամեն օր տեղի է ունենում հասարակության տրամադրությունների արմատականացում: Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես, հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Այդ է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական և իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով՝ փորձելով համոզել ժողովրդին, թե, իբր, իշխանությունների և ընդդիմության միջև արդեն երկխոսություն է սկսվել և քաղաքական ճգնաժամը արդեն լուծվում է։ Սա անհեռատես կեցվածք է։ Դա նրանք անում են՝ սարսափած երեք հաջորդական հանրահավաքների հզորությունից և հասկանում են, որ ապրիլի 8-ին ակնկալվող հանրահավաքը էլ ավելի ծանր վիճակի մեջ կդնի ռեժիմին: Նման անհեռատես կեցվածքը, եթե այն շարունակվի, և իշխանությունները հապաղեն համաժողովրդական պահանջները կատարելու հարցում, ապա դրանով միայն մոտեցնելու են ժողովրդի ցասման օրը: Մենք միշտ պատրաստ ենք եղել երկխոսության՝ վաղուց հայտարարված պայմաններով և արտահերթ ընտրություններ նշանակելու միակ օրակարգով։ Ուստիև բոլորին կոչ ենք անում՝ սկսել համազգային նախապատրաստություն՝ ապրիլի 8-ի հանահավաքին և հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով», – նշում են հայտարարության հեղինակները: