Անցած 12 տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նկատելի առաջընթաց է գրանցել, իսկ հայկական ֆուտբոլում գումարներ են հայտնվել: Այս մասին Rusfootball.info-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Բորիս Իգնատևը` մեկնաբանելով առաջիկա Եվրո 2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղը.
«Դեռևս Խորհրդային տարիներին Հայաստանը լավ համբավ էր վայելում նրանով, որ մեր ֆուտբոլին ուժեղ խաղացողներ էր տալիս: Այժմ այդ երկրի ազգային հավաքականում նույնպես նման ֆուտբոլիստներ կան: Ներկայումս նրանցից ոմանք եվրոպական ակումբներում պահանջված խաղացողներ են: Նման ֆուտբոլիստների թվում է, օրինակ, Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը, որի խաղին ես առիթ եմ ունեցել հետևել Ուկրաինայի առաջնության և Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ:
Նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև շատ բարձր մակարդակի խաղացող է և չնայած այն հանգամանքին, որ «Շախտյորում» գնդակների մեծ մասը բրազիլացիներն են խփում, այդուհանդերձ, թիմի խաղը մեծապես կախված է Մխիթարյանի անհատական գործողություններից: Վերջինս շատ որակով հարձակումներ է նախաձեռնում: Բացի դա, կարող եմ ընդգծել նրա արագությունը և դրիբլինգը:
Նոր մարզիչ Վարդան Մինասյանի աշխատանքի արդյունքում հայերը նկատելիորեն ավելացրել են խաղային կարգապահությունը: Նախկինում նրանց մոտ գերակշռում էր մարզիչի կարգադրությունների ազատ մեկնաբանությունը, այժմ նման գործելաոճ չի նկատվում: Նրանք լավ խաղ անցկացրեցին սլովակների դեմ և անգամ Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ արժանապատիվ խաղ ցուցադրեցին, թեև պարտվեցին:
Միաժամանակ ես չեմ կարծում, որ մեր հավաքականն այդքան ուժ չունի հակառակորդին հաղթելու համար: Ավելին, գտնում եմ, որ Ռուսաստանն այս ընտրական ենթախմբում ֆավորիտ է: Նախևառաջ, մենք ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, քան հայերը, երկրորդ հերթին, մեր հակառակորդները հիմնականում ստիպված են լինում հիմնվել իրենց ֆուտբոլիստների անհատական վարպետության վրա այն դեպքում, երբ մեր թիմի անհատական վարպետությունն ու խմբային համագործակցությունը ներդաշնակորեն լրացնում են միմյանց»: