2010-2011 թվականների ոստիկանության բարեփոխումների ծրագիրն ունի 11 ուղղություն: Ծրագրի իրագործման որոշ մանրամասներ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը:
«Մենք հեռու ենք այն մտքից, որ 2011 թվականի վերջին կամ 2012 թվականի վերջին մենք կունենանք այն ոստիկանությունը, որը որ ցանկանում ենք տեսնել, կամ որին իսկապես ձգտում է այս պահին ոստիկանությունում աշխատող այն թիմը, որը փաստորեն իրականացնում է այս ամբողջ բարեփոխումների ծրագիրը»,- հայտարարել է Արթուր Օսիկյանը:
Օսիկյանի խոսքով` 2010 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքները հիմնականում օրենսդրական կամ իրավական բազայի կատարելագործմանն են ուղղված եղել, և անցյալ տարի նախատեսված 200 միջոցառումներից 100-ի ուղղությամբ աշխատանքներ են կատարվել:
Փոխոստիկանապետն առանձնացրել է կառուցվածքային բարեփոխւմները, որոնց շրջանակներում, մասնավորապես, լուծարվում է տրանսպորտային վարչության գործառույթները և այդ գործառույթները վերապահվում են այլ ստորաբաժանումների:
Փոփոխություններ են իրականացվել նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և քրեական հետախուզության կառույցներում:
Օսիկյանը կարևորել է ոստիկանության համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրումը:
«Արդեն մարտի 15-ից ոստիկանությունում ներդրվեց քաղաքացիական հատուկ ծառայություն, որի ներդրման արդյունքում մեր համակարգի մոտ 450 աշխատատակիցներ արդեն իսկ համարվում են քաղաքացիական հատուկ ծառայողներ և նրանք չեն կրում այն համազգեստը, որը կրում են մաքուր ոստիկանական ծառայողները ոստիկանական գործառույթներ իրականացնելիս: Խոսքը անձնագրերի և վիզաների վարչության մասին է, ֆինանսաբյուջետային վարչության մասին է»,- ասել է Օսիկյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ոստիկանության համազգեստը ևս կփոխվի, քանի որ այս պահին ոստիկանները դեռևս կրում են խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած համազգեստները, որոնք նաև հարմար չեն շարժվելու համար: Օսիկյանը հույս հայտնեց, որ համզգեստի փոփոխությունը նաև կավելացնի ոստիկանության հանդեպ վստահությունը: