Այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը, Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ-ն, Երևանի մամուլի ակումբը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն են տարածել, որը վերաբերում է արդեն իններորդ օրն Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հայտարարության մեջ ասված է.
«Մենք ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին և կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին և ամբողջությամբ վերցված, որոնք և ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպում է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ:
Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է այս առավել ծայրահեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանությունները ուժ չեն խնայում նսեմացնելու նրան և ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերն` ուղղված երկրում ճչացող անարդարության վրա ուշադրություն գրավելուն: Իշխանությունները դրանք անում են թե ուղղակի` ոստիկանական ուժերի միջոցով և թե անուղղակի` իրենց կամակատար լրատվամիջոցների օգնությամբ:
Մենք հանդես ենք գալիս այս հայտարարությամբ՝ պահանջելով մեր հայրենակցի իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը, որին և նա, և յուրաքանչյուր այլ քաղաքացի անվերապահորեն արժանի է:
Մենք պահանջում ենք.
- Հայաստանի իշխանությունների կողմից անհապաղ ներողության հայցում` ի դեմս Ոստիկանության, որը հետևողականորեն և անմարդկայնորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները և շարունակական ոտնձգություններով նվաստացնում է նրա անձը` հակաօրինական ձևով չթույլատրելով վրանի տեղադրումը և չապահովելով պայմաններ նրա քաղաքացիական իրավունքների իրականացման համար:
- Երաշխավորել բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառյալ, բայց ոչ միայն, տաքացվող վրանի տրամադրումը, բուժանձնակազմի շարունակական ներկայությունը և ամենակարևորը` ողջ ընթացքում քաղաքավարի և հարգալից վերաբերմունք ոստիկանության կողմից»: