Նարեկացի արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքից երեկ ցուցադրվում էին երիտասարդ կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն` Հայաստան» և «Դհարմայի անիվը`Թեղուտ» վավերագրական կինոնկարները:
«Առավոտ» օրաթերթը գրում է, որ կինոդիտումից հետո ծեծկռտուք է եղել.
««Հասցեն` Հայաստանը» մեր շախմատի տղամարդկանց հավաքականի մասին է: 2009 թվականին նկարահանված այս ֆիլմը հենց սկզբից արժանացել է տարօրինակ ճակատագրի: Այն նկարահանող «Հայկ» կինոստուդիան հենց սկզբից չի ընդունել ռեժիսորի առաջարկած հեղինակային օրինակն ու արդեն նկարահանված նյութի վրա մոնտաժել է առանձին տարբերակը` «Թիմը» խորագրով: Պետբյուջեի միջոցներով նկարահանված այս ֆիլմը ոչ մի տեղ չի ցուցադրվել: Ֆիլմի դիտումից հետո երեկ պետք է տեղի ունենար քննարկում, որը վերածվեց «տղայական» ծեծկռտուքի: Ֆիլմի մասին կարծիք հայտնող կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և ֆիլմի սցենարիստ Գոռ Առաքելյանը չափից դուրս ինտելեկտուալ քննարկման պատճառով հայտնվեցին քաղմասում: Կռվի պատճառը Մ. Սարիբեկյանի հարցն էր` ի՞նչ էիք այդ ֆիլմով ուզում ասել և ինչի՞ց եք դժգոհ, որ «Հայկ» կինոստուդիան ձեզ տվել է էդ «պապրավկեքը», որոնք կացնային, «տապոռիստի պապրավկեք են»: Ռեժիսորը լռեց, նրա փոխարեն պատասխանեց բեմում հայտնված սցենարիստը, ասելով` «Ի՞նչ ա, դժգոհ եք ֆիլմից» և ավելացրեց. «Մուժիկը, որին պետք էր մի զույգ կոշիկ, որը վիրավորում էր մարդկանց` փոխանակ իր սուբյեկտիվ կարծիքը հայտնելու, անպետք էր…»:
Իր խոսքով, «ոչ պակաս առնական» Մ. Սարիբեկյանն էլ, թե` «էտի կարաս գնաս Ռուբիկ Կևորկովին (Նկատի ունի «Հայկ» կինոստուդիայի ղեկավար Ռուբեն Գևորգյանցին) ասես»: Սրանից հետո սցենարիստը Մ. Սարիբեկյանին «արաներով» «պիվնոյ» հրավիրեց` «Արի դուս, կասեմ քեզի»: Մ.Սարիբեկյանն էլ, թե` եթե «էս տեսակ, ապեր ջան, սցենարիստներ կան, դուրս կգամ»»:
Նշենք, որ, Epress.am տեղեկություններով, ծեծկռտուքից հետո քաղմասում հայտնվածներին բաց են թողել կեսգիշերից հետո: