Հայաստանի իրավապահ մարմինները որոշել են աննախադեպ միջոցառումներ իրականացնել Եվրո-2012 առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման ընթացքում կարգապահության ապահովման համար: Այս մասին այսօր գրում են ռուսական էլեկտրոնային պարբերականները:
Epress.am-ի հետ զրույցում Երևանի Կենտրոնի ոստիկանության լրատվական վարչությունը հաստատել է, որ իրավապահները մարզադաշտի մուտքի մոտ ալկոհոլային թեստ կանցկացնեն, «սակայն ստուգվելու են անխտիր բոլոր երկրպագուները»:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալների համաձայն, հայ իրավապահները իրենց պատմության ընթացքում առաջին անգամ օրգանիզմում ալկոհոլի առկայության մակարդակը ստուգող սարքերով են զինվելու:
Ալկոհոլի օգտագործման դեպքում Ռուսաստանի երկրպագուներին չի հաջողվի մարզադաշտ մուտք գործել: Սակայն քիչ ալկոհոլ օգտագործած երկրպագուներին իրավապահները չեն պատրաստվում կանգնեցնել, եթե, իհարկ,ե «գինովցածության մակարդակը» չափավոր լինի:
Հաղորդվում է նաև, որ իրավապահ մարմինները պատրաստվում են վճռական քայլերի դիմել սպեկուլյանտների գործողությունների կասեցման համար, որոնք ակտիվացել են ռուսաստանի երկրպագուների ժամանումիցն ընդառաջ: Առաջիկա խաղի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռևս մինչև մարտի 15-ը, սակայն այդքան ցանկալի տոմսերը դեռ կարելի է գտնել «սև շուկայում»:
Վերավաճառողները տոմսերի արժեքը բարձրացրել են 7 անգամ, ակնկալելով, որ Ռուսաստանից ժամանած հյուրերը պատրաստ կլինեն ցանկացած գումար վճարել, միայն թե խաղին ականատես լինեն: Այս անգամ սպեկուլյանտների նկատմամբ հատկապես խիստ միջոցառումներ են կիրառվելու` մինչև անգամ վարչական և քրեական պատժամիջոցների դիմելով:
ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն, ռուսական կողմին էր տրվել բոլոր տոմսերի 10%-ը` մոտ 1500 հատ: Միաժամանակ Երևան են պատրաստվում ժամանել ավելի քան 3000 ռուսաստանցի երկրպագուներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը 9 միավորով գլխավորում է ընտրական փուլի B խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանը 4 հանդիպումներում հավաքել է 7 միավոր, նույնքան միավորներ ունեն իռլանդացիներն ու սլովակները: