Այսօր Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որը նվիրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակագրական իրավունքներին:
«Վերջին շրջանում վարչախումբը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացնում է մի գործողություն, որով հենց ինքը փայլուն կերպով ապացուցում է, որ նրան պահում է որպես քաղբանտարկյալ։ Չնայած ամենաբարձր մակարդակով հրապարակայնորեն տրված խոստումներին, նրան լիակատար զրկել են նամակագրության իրավունքից, անգամ զրկում են գրենական պիտույքներ ունենալու հնարավորությունից։ Այս ամենը ոչ միայն մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքների, այլեւ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կարգավորող օրենսդրության կոպտագույն խախտում է:
Դրանով վարչախումբը նաեւ ապացուցում է, որ աղմկահարույց այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ մինչեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, ուղղված էին եղել նույն՝ նրան լռեցնելու նպատակին։ Երբ ոչինչ չստացվեց, այժմ արդեն բացահայտորեն փոստ չեն հասցվում նրա նամակները կամ նրան զրկում թուղթ ու գրիչ ունենալու հնարավորությունից»,-ասված է հայտարարության մեջ:
«Հայ Ազգային Կոնգրեսը, հասկանալով հանդերձ վարչախմբի հիմնավորված վախը, դատապարտում է ամոթալի այս արարքը։ Նրանք բոլորը, թող չկասկածեն, պատասխան են տալու օրենքի առջև։ Բացառիկ այդ ցինիզմը, ըստ էության, ուղղված է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ հավասարապես եւ առաջին հերթին ողջ լրագրողական աշխարհի, իրավապաշտպան կազմակերպությունների, նույն հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ, որոնց արձագանքը, իսկ ավելի հաճախ՝ արձագանքի բացակայությունը առնվազն տարակուսանք է հարուցում»,-նշված է հայտարարության մեջ: