Ֆրանսիայի Շախմատի Ֆեդերացիան մրցաշարից ժամանակավորապես հեռացրել է 3 շախմատիստների, որոնք մեղադրվում են Ռուսաստանում սեպտեմբերին անցկացված շախմատային օլիմպիադայի ընթացքում խաբեբայություն իրականացնելու մեջ: Շախմատիստների եռյակին`Սեբաստիան Ֆելերին, Սիրիալ Մարցոլոյին և ֆրանսիական թիմի ավագ Առնո Օշարին մեղադրում են մրցաշարի ընթացքում արգելված մեթոդների կիրառման մեջ, հաղորդում է BBC-ին:
Ֆեդերացիայի նախագահ Լորան Վերայի խոսքով` շախմատի պատմության մեջ առաջին անգամ է նման միջադեպ գրանցվում: Երեք շախմատիստները, սակայն, հերքում են այս տեղեկատվությունը: «Իմ պաշտպանյալի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինքը չէ օրական 8 ժամ պարապել մի քանի տարի շարունակ նման բարձր մակարդակի հասնելու համար: Ինչ է, հնարավո՞ր է վարպետությունը կեղծել»,- ասում է շախմատիստներից մեկի փաստաբանը:
Ֆրանսիական ֆեդերացիայի տվյալների համաձայն, գրոսմայստերների մտահաղացման համաձայն, Մարցոլոն պետք է հետևեր 19-ամյա Ֆելերի խաղին, և հատուկ շախմատային ծրագրի շնորհիվ հաշվարկեր օպտիմալ քայլերը: Այնուհետև ամենաարդյունավետ կոմբինացիան պետք է SMS-հաղորդագրության միջոցով ուղարկվեր երրորդ շախմատիստին` Օշարին, ով այդ ընթացքում պետք է գտնվեր այն դահլիճում, որտեղ մրցաշարն էր անցկացվում:
Ամենաբարդ խնդիրն Օշարի ուսերին էր դրված, նա պետք է անընդհատ տեղաշարժվեր` այդպիսով հուշելով իր գործընկերոջը անհրաժեշտ քայլը:
Սակայն նրանց ծրագիրը ձախողվել էր ֆեդերացիայի փոխնախագահ Ջոանի Պոմիանիի շնորհիվ, ում հաջողվել էր նկատել եռյակի անդամներից մեկի հեռախոսին եկած հաղորդագրությունը:
Այժմ մեղանչած շախմատիստներին երկարաժամկետ որակազրկում է սպասվում, իսկ Օշարը կարող ընդհանրապես հրաժեշտ տալ շախմատի աշխարհին: