«Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք դատական հայց, որոնց արդյունքում օրաթերթից ընդհանուր առմամբ պահանջում են 11.5 միլիոն դրամ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (լուսանկարում):
«Առաջին գործը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ Բելլա Քոչարյանի, և որդու` Սեդրակ Քոչարյանի ներկայացրած դատական հայցն է`6 միլիոն դրամ պահանջով, երկրորդ գործը` «Գլենդել Հիլզ» ընկերության հայցը` նախնական 3 միլիոնով, երրորդ գործը Թաթուլ Մանասերյանի հայցն է` 2.5 միլիոն փոխհատուցմամբ»,- դատական հայցերի մանրամասները ներկայացրել են Բաբաջանյանը և փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Գլխավոր խմբագրի խոսքով` այս ամենի նպատակն օրաթերթին ֆինանսական վնաս հասցնելն է.
«Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում անձամբ իմ նկատմամբ հետապնդում է իրականացրել, ես ազատազրկվել եմ: Նրան հանգիստ չի տալիս, որ ես այսօր ազատության պայմաններում թերթ եմ խմբագրում, և ինքը նաև իմ թիրախներից մեկն է: Ես ոչ ընկրկելու եմ, ոչ էլ վախենալու եմ Ռոբերտ Քոչարյանի այս գործելաոճից: Ես այստեղ քաղաքական վենդետայի տարրեր եմ տեսնում»:
Նա պատմել է, որ իր բանտում եղած ժամանակ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները այցելել են իրեն և առաջարկել փակել թերթը և հեռանալ երկրից:
«Իրականում ես կարծում եմ, որ ընտրական այս թեժ հանգրվանին դատավարությունները չեն պակասելու, գնալով ավելի թեժանալու են, ավելանալու են, և իրական նպատակը թերթերը փակելն է: Ես ունեմ կոնկրետ տեղեկություններ, որ սա նախագահականից իջեցված պատվեր է, էստեղ իշխանությունը ծրագրված պայքար է սկսել ազատ մամուլի դեմ»,- հայտարարել է Բաբաջանյանը:
«Հայելի»-ի ակումբավար Անժելա Թովմասյանը հարցրել է` թե ինչո՞ւ է այդ ամենն արվում Ռոբերտ Քոչարյանի ձեռքով:
«Ինչու չէ նաև Ռոբերտ Քոչարյանի ձեռքով», – պատասխանել է բանախոսը:
Մեր այն հարցին, թե արդյոք Բաբաջանյանը կարծում է, որ ՀՀ ներկայիս և երկրորդ նախագահները միասին փորձում են փակել թերթերը, վերջինս հակասել է ինքն իրեն.
«Ես այդպիսի բան չեմ կարծում, ես ասում եմ, որ այսօր նախագահականից իջեցված հրահանգի սահմաններում են հետապնդում այն թերթերին, որոնք քիչ թե շատ ունեն անկախություն»:
Բաբաջանյանը նշել է, որ Քոչարյանները պահանջված գումարի չափը պայմանավորել են նրանով, որ իրենք գտնում են, որ դա բիզնես մոդել է:
«Ես հարցնում եմ, թե ինչպես են նրանք բացատրում դատական ծախսերի համար ներկայացված 3 միլիոնը, նրանք ինձ ասում են դա բիզնես մոդել է: Այսինքն` իրենք դիտում են, որ դատարանը ինչ-որ մի բիզնեսի վայր ա, որտեղ իրենք աշխատում են փող»,- մասնավորեցրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Բաբաջանյանի խոսքով, իրենք, սպառելով հայաստանյան դատական ատյանների հնարավորությունները, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: