ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնել են Լիբիայում «ոչ թռիչքային գոտին» պարտադրել` երկրի քաղաքացիներին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հարձակումներից պաշտպանելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այնուամենայնիվ, նա հերքել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն իր ղեկավարության տակ է վերցնում կոալիցիոն ուժերի ռազմական գործողություններն ամբողջությամբ: Կոալիցիայի գործողությունները հիմնականում ղեկավարվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից:
«Այս պահին Լիբիայում իրականացվում են ՆԱՏՕ-ի գործողությունները և կոալիցիայի գործողություններն առանձին: Սակայն մենք քննարկում ենք` արդյոք ՆԱՏՕ-ն պետք է իր վրա վերցնի պարտականությունների շրջանակ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին համապատասխան», – երեկ Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռասմուսենը:
Ռասմուսենի խոսքով` կոալիցոն ուժերը կշարունակեն պատասխանատու լինել Քադաֆիի տանկերի և ծանր հրետանու դեմ օդային հարվածների համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու է լինելու Լիբիայում «ոչ թռիչքային գոտի» ապահովելու համար, այն է` զբաղվելու է Քադաֆիի ուժերի ռազմական ինքնաթիռների ոչնչացմամբ:
Մինչ ՆԱՏՕ-ն քննարկում է Լիբիայում ավելի ակտիվ գործողությունների դիմելու հեռանկարը, կոալիցիոն ուժերը շարունակում են արդյունավետ ռմբակոծել Քադաֆիի ուժերի ռազմակայանները, որի արդյունքում երեկ մեծ թվով ռազմական տեխնիկա է կործանվել:
Այս ամենն օգնում է Լիբիայի ընդդիմադիր ուժերի առաջխաղացմանը, հաղորդում է «Ալ Ջազիրան»: Երեկ ապստամբները գրավել են Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը` Սիրտը: Ավելի վաղ նրանք տիրացել էին կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներին` Բին Ջավադին, Ռաս Լանուֆին, Բրեգային և Աջդաբիյային:
Որպես հաջորդ քայլ ընդդիմադիր ուժերը նշում են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի գրավումը: