ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, երեկ աշխատանքային այցով մեկնել է Թեհրան: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Երկրի ղեկավարը շնորհավորել է Իրանի նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:
Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարևորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին:
Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը և հանդես եկել շնորհավորական խոսքով:
««Նովրուզ» բառն իր մեջ խորհուրդ ունի։ Այն նշանակում է «նոր օր», ինչն ազդարարում է գարնան գալուստը, կյանքի զարթոնքը: Հենց այդ օրերին է, որ բնությունն իսկապես արթնանում է, և ամեն ինչ սկսվում է նորից. ահա թե ինչպես է հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովուրդը պատկերել ու արժևորել կյանքի հավերժականությունը։ Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հոգեկերտվածքում գարունը սկիզբ է, գարնան գալուստը կյանքի նոր էջ է բացում», – իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ «գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաև մեզ` հայերիս»։
«Տյառնընդառաջը, որ հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին: Թեև տոնը ձմռանն է, սակայն այդ օրն արդեն զգացվում է գարնան շունչը, և, ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների, տոնը մեղմում է ցուրտը և ազդարարում գարնան սկիզբը։ Տոնը խորհրդանշում է լույս, ջերմություն, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և օրհնանք է բերում նորապսակ զույգերին: Բացի այդ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած մեր հավատավոր ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, և ակնհայտ է նրա ծիսակարգի նմանությունը Նովրուզի ծեսերի հետ: Տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով և բնության վերածնունդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով», – նշել է Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերություններն իսկապես օրինակելի են:
«Մեր բարեկամությունը, իրանական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համագործակցության և փոխադարձ հարստացման լավ օրինակ է: Հայաստանի և Իրանի համագործակցությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է», – ասել է ՀՀ նախագահը` մաղթելով բարգավաճում և խաղաղություն տարածաշրջանին ու համայն աշխարհին: