Նուբարաշենի աղբանոցի խնդիրը շատ լուրջ է, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ Արարատյան դաշտավայրի և շրջակա գյուղերի համար:
Այսօր Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը լրագրողներին է ներկայացրել ՀԽ-ի` մայրաքաղաքի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում բարձրացրած խնդիրները: Դրանց թվում էր նաև Նուբարաշենի աղբավայրի հիմնախնդիրը:
«Եվ ստորգետնյա ջրերն են աղտոտվում, և վերգետնյա, և սողանքն է, և բազմաթիվ խնդիրներ են առաջանում, բայց քաղաքն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Դա կառավարության խնդիրն է», – ասել է Դանիելյանը: Նրա խոսքերով` նոր ուսումնասիրություն են ցանկանում իրականացնել նաև միջազգային կառույցները: Խոսելով հայ և միջազգային մասնագետների առաջարկների մասին, բանախոսը նշել է, որ աղբավայրն անհրաժեշտ է մեկուսացնել:
«Բոլոր դեպքերում, աղբավայր այնպիսի վիճակում է, որ այդ թույները պետք է դուրս բերվեն և ոչնչացվեն: Այստեղ մեթոդի խնդիր է, գումարի խնդիր է, բայց որ պետք է արագացնել այդ գործընթացը, դա ակնհայտ է», – ասել է Կարինե Դանիելյանը:
Քաղաքապետին ներկայացվել են մի շարք հարցեր, նա արձագանքել և խոսել է լուծումների անհրաժեշտության մասին, սակայն, Դանիելյանը զարմանում է, որ քաղաքապետարանում չկա մեկը, որը Կարեն Կարապետյանին կտրամադրեր անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Մենք պատրաստ ենք անվճար, լավագույն մասնագետները գան, հավաքվեն և օգնեն քաղաքապետարանին, որ Երևանն այս էկոլոգիական աղետից դուրս գա, բայց քաղաքապետարանը չի ուզում: Եվ հիմա նոր քաղաքապետին էլ տրամադրել են, որ հանկարծ էդ բանը չլինի` ունենք վարչություն, բավական է», – եզրափակել է բանախոսը: