Home / Հայաստան / Կեղտոտ-մաքուր իրավիճակ. «Ժառանգությունը» խորհրդարան մտնելու շանս չունի՞

Կեղտոտ-մաքուր իրավիճակ. «Ժառանգությունը» խորհրդարան մտնելու շանս չունի՞

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նմանատիպ կեղտոտ իրավիճակ Հայաստանում ինքը երբևէ չի հիշում:

«Ես 1988 թվականից, կարելի է ասել, եղել եմ բոլոր քաղաքական պրոցեսներում: 88-ին դեռ դպրոցահասակ տարիքից մեր դպրոցում, այսպես ասած, դասադուլներ էի կազմակերպում, գալիս էինք Օպերայի հրապարակ, այնպես չէր, որ երբևէ քաղաքական անցուդարձից հեռու եմ եղել որպես քաղաքացի, բայց նմանատիպ իրավիճակ երբև չեմ հիշում: Անկախ ամեն ինչից, երբ որ թացը չորի հետ, սևը սպիտակի հետ լրիվ խառնվել է, ու այս ամբողջը մի, այսպես ասած, գունդ ցեխի ձևով անընդհատ շպրտվում է «Ժառանգության»,  Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, այն անձանց վրա, որոնք որոշակիորեն ուզում են լինել անկախ, որոշակիորեն ուզում են երկրում իսկապես լինի ժողովրդավարական կառավարման համակարգ և ոչ մոնոպոլիաներ` մոնոպոլիա ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ  քաղական ոլորտում: Սա փոքրիկ Հայաստանի համար մեծ շքեղություն է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նշել է, որ Հայաստանը պետք է հարուստ լինի այլընտրանքներով:

«Ինչ վերաբերում է ներկա իրավիճակի գնահատականին, մենք ունենք հրաշալի նախագահ, հրաշալի կառավարություն, հրաշալի իշխանություններ, ուղղակի ունենք շատ երախտամոռ ժողովուրդ: Իշխանություններն այսքան լավ գործեր են անում, սենց լավ հնարավորություն են ստեղծում քաղաքացիների համար, ոսկե սարեր են տալիս, բայց մեր քաղաքացիները չգիտես ինչու դա չեն ընդունում, չեն հասկանում ու փոխարենն այդ ընծաները իշխանությունների կողմից ընդունեն` արտագաղթում են և անընդհատ բողոքում են»,- հեգնել է Մարտիրոսյանը:

Բանավեճի մեկ այլ մասնակից, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձել է Մարտիրոսյանին` նշելով, որ «ավելի մաքուր իրավիճակ չի եղել»:

«Մերկապարանոց հայտարարություններ անելը հեշտ է: Նեղանալ նրանից, որ երեք քաղաքական ուժ չեն ուզում, որ չորրորդը մտնի ԱԺ, և լքել ԱԺ-ի դահլիճը, դա ծիծաղելի է: Ուրիշ բան, որ գնահատականներից հետո պարզ է դառնում, որ, իհարկե, «Ժառանգությունը» որևէ շանս չունի հաջորդ ԱԺ-ում ներկայացված լինելու և այսօրվանից սկսում է այդպիսի բուռն ակցիաներ, ծայրահեղական ակցիաներ ընդհուպ մինչև հացադուլ, որ ավելի երևացող դարձնեն իրենց գործունեությունը»,- ասել է Բադեյանը:

Նա նշել է, որ իր համար հասկանալի չեն Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է պահանջներից առաջինը` արտահերթ և ազատ ընտրությունների անցկացում: Ի պատասխան Բադեյանը նշել է, որ «ազատը թող լինի», բայց արտահերթին ինքը դեմ է և չի հասկանում, թե ինչու պիտի լինեն արտահերթ ընտրություններ:

Մարտիրոսյանը որպես պատճառ նշել է, որ երկիրն արտակարգ իրավիճակում է, իսկ

Բադեյանը հակադարձել է, որ «մեր երկրիը անընդհատ արտակարգ իրավիճակում է` 88 թվից  սկսած»: