Որո՞նք են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները: Այս հարցը բանավեճի ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
Մարտիրոսյանը հիշեցրել է, որ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե «Ժառանգություն» կուսակցության անդամները մշտապես հարզազրույցների, հայտարարությունների միջոցով իրենց պահանջների մասին բարձրաձայանել են: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` եթե մարդը չի ուզում տեսնել կամ լսել, ինքը չի կարող ստիպել, որ մարդը դա տեսնի կամ լսի:
«Շարունակելով` ասեմ, որ ես իմացել եմ, որ իմ տատը ուղղակի իմ տատն է, չեմ իմացել, որ ինքը մեծ բարեփոխիչ է եղել ժամանակին, որովհետև տատս էլ, որ կովը կթում էր, անպայման կուրծքը լվանում էր և մառլյայով էր անպայման կաթը անցկացնում, դա ձևն է այդպես: Բայց պարզվում է, որ ողորմած տատս մեծ բարեփոխիչ է եղել, ես դա չեմ իմացել: Եթե մենք այս ձևով ենք շարունակելու մեր կառավարման համակարգը, բարեփոխումներն այսպիսին պետք է լինեն, ես չգիտեմ արդեն»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը` նկատի ունենալով Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորը, համաձայն որի կով կթելիս պետք է հետևել հիգիենայի կանոններին, կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել:
Պատգամավորը նաև նշել է, որ իր համար խիստ ցավալի է, որ «Ժառանգության» նկատմամբ նմանատիպ վերաբերմունք է ձևավորվել.
«Հատկապես որոշ ընդդիմադիրների կողմից: Փառք Աստծո, Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունն այս քսան տարիների ընթացքում, «Ժառանգության» գործունեությունն այս ինը տարիների ընթացքում ամբողջովին հրապարակային է եղել, թափանցիկ է եղել և որևէ մեկը որևէ անգամ չի կարող ասել, որ «Ժառանգությունը» երբևիցե մեկ անգամ թեկուզ ընդդիմության դեմ որևէ քայլ կատարած լինի: Ու նմանատիպ վերաբերմունք իր նկատմամբ որևէ չափանիշով և’ քաղաքական, և’ բարոյական քննության չեն առնվում: Եթե քննարկումը «բեղերի» մակարդակով է որոշ մարդկանց մոտ, ես ցավում եմ իմ ժողովրդի համար, որ նմանատիպ մարդը կարող է առաջնորդել ինչ-որ գոնե երկու հոգու»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Մանվել Բադեյանը նշել է, որ ինքը «բեղերի» մասին ոչինչ չի ասել, բայց, այնուամենայնիվ, «Ժառանգության» պահանջները չի հասկացել: ՀՀԿ-ական պատգամավորը շարունակել է Մարտիրոսյանի կողմից արծարծված «բարեփոխիչ տատերի» թեման` նշելով, որ իր տատը նույնպես անհաջող բարեփոխիչ է եղել.
«Չստացվեցին իր բարեփոխումները, որովհետև տատս, ես ինչքան ինձ հիշում եմ, ասում էր մարդը պիտի ամեն օր լողանա, և շրջապատին էր ասում: Եվ որպեսզի հասկանաք, ինչքանով հաջողվեց տատիս բարեփոխումները, հերիքա մի ավտոբուս մտենք, կամ մի կինոթատրոն: Այնպես որ, երբ որ ասում են` ա’յ ժողովուրդ, հասարակ էլեմենտար բաներ են այնպիսին, ինչպիսին լողանալն է, ինչպիսին կովի կուրծքը մաքրելն է, դա դեռ չի նշանակում, որ ոչ ոք չգիտի: Գիտեն, բայց չեն անում: Գիտեք ինչքան է տարածված տուբերկուլյոզը, բրուցելյոզը` էլեմենտար հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով: Թե անպայման պիտի նախագահի որոշում կայացվի, որ մարդիկ հիգիենայի կանոնները պահեն»,- ասել է Բադեյանը: