Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սիրիայի կառավարությունը առաջիկա հինգշաբթի օրը հրաժարական կտա և նոր կառավարություն կստեղծվի 24 ժամերի ընթացքում:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը հաստատել է այս տեղեկատվությունը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակցին:
Թղթակցի զրուցակիցը հայտնել է նաև, որ երեքշաբթի` երեկոյան ժամը 18:00-ին, խորհրդարանական նիստ է կայանալու: Նա հավելել է. «Եթե նախագահը խոսի, իհարկե, այստեղ մի մեծ «Եթե» կա, նա ժողովրդին խորհրդարանից կդիմի: Ես համոզված եմ, որ սա հենց այն է, ինչ մարդկանց պետք է: Նրանք ցանկանում են նախագահի ելույթը լսել»:
Այսօր նախագահ Բաշար ալ-Ասադի հազարավոր համակիրներ հավաքվել են Դամասկոսի կենտրոնում` նախագահի նկատմամբ իրենց նվիրվածությունն ապացուցելու համար:
Երեքշաբթի դեպի Դամասկոսի «Սաբեհ Բահրատ» («7 ծովեր») հրապարակը տանող բոլոր փողոցները արգելափակվել էին զինված ոստիկանների կողմից, քանի որ տվյալ վայրում հավաք են անցկացրել նախագահի կողմնակիցները:
«Ժողովուրդը Բաշար ալ-Ասադին է ուզում» ,- այս կարգախոսն էին հնչեցնում մայրաքաղաքի կենտրոնում հավաքված սիրիացիները:
«Առանց Բաշար ալ-Ասադի երկիրը քաոսի մեջ կհայտնվի»,- ասել է Սիրիայի քաղաքացիներից մեկը:
Միաժամանակ Սիրիայի տարբեր հատվածներում շարունակվում են հակառավարական ցույցերը: Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: