Մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող հայ մտավորականների ֆորումը կոչ է արել միանալ նրան:
«Մարդը քայլ է արել: Ինչ ենք մենք անելու: Մենք` ՀՀ քաղաքացիներս, որոնց մի մասը իշխանություն է կոչվում: Նախագահ է կոչվում, ԱԺ նախագահ է կոչվում, վարչապետ, նախարար և զանազան «պետ»-եր` մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, ոստիկանապետ, այլ «պետ»-եր: Մյուսներս` քաղաքացիներս, գյուղացիներս, ուսուցիչներս, բժիշկներս, ուսանողներս, թոշակառուներս, ծառայողներս, զինվորականներս, հոգևորականներս, առևտրականներս, օլիգարխներս, աղքատներս, ՀԿ-ներս, գործարարներս, ազնիվներս և անազնիվներս: Բոլոր մյուսներս: Չտեսնելու ենք տալու: Ձեռքներս լվանալու ենք: Պիղատոս ենք լինելու:
Մարդը քայլ է արել, մեզնից մեկը: Հանուն բարոյականության: Ազատության: Արժանապատվության: Իրավունքի: Հանուն մարդ մնալու:
Կարելի է ձեռքերը չլվանալ: Կարելի է միանալ: Բոլորով միանալ:
Քսան հազար մարդ միացել է նրան` զորակցության ստորագրությամբ: Հարյուր հազարավորներ միացել են նրան հոգով:
Բայց Պիղատոսն էլ ասաց, որ հավատում է ՆՐԱ անմեղությանը: Այդպիսով, Պիղատոսը զորակցեց ՆՐԱՆ: Բայց հետո ձեռքերը լվաց և շարունակեց ապրել իր կյանքով: Քսան հազարը` ստորագրելով, հարյուր հազարավորները հոգով զորակցում ենք մարդուն, բայց շարունակում ենք ապրել մեր կյանքով` մեր նվաստացումներով, անազատությամբ, ինքնախաբեությամբ, կիսաազնվությամբ: Այն ամենով, ինչից ուզում ենք ազատվել: Քանի որ բոլորս ենք նվաստացած` նախագահները, «պետ»-երը, նախարարները, քաղաքացիներն ու գյուղացիները…
Եթե միանանք` կմասնակցենք ինքնամաքրմանը: Ասում ենք` մարդ, դու ձեռնոց ես նետել` մենք վերցնում ենք այն: Դու գնա` մենք մնում ենք: Առաջին օրը` երեք մարդ: Երկրորդ օրը` երեք այլ մարդ: Երրորդ օրը` հաջորդ երեքը: Չորրորդ օրը` դաձյալ երեք մարդ: Եվ այսպես շարունակ: Հերթով: Ամեն օր: Գրողներ, ուսուցիչներ, առևտրականներ, ծառայողներ, նախարարներ, «պետ»-եր, դատավորներ, ոստիկաններ, դիվանագետներ, գիտնականներ, պատգամավորներ, բժիշկներ, մարդիկ: Ամեն օր երեք մարդ մեկօրյա հրապարակային ծոմապահություն և լռության ուխտ: Նույն վայրում: Հարյուրերորդ օրը դեռ ընդամենը երեքհարյուր մարդ միացած կլինի, բայց երեք հարյուրը երեք հազար է, երեք հարյուր հազար է, երեք միլիոն է: Բոլորս ենք: Հարյուր օրին կգումարվի ևս հարյուր օր: Մինչև գանք հանգրվանին: Հանգրվանն ինքը կերևա:
Դու մեզնից մեկն ես: Մենք դու ենք: Մենք բոլորս ենք ուզում մաքրվել: Մենք բոլորս ենք ուզում փրկվել: Մենք բոլորով ենք ուզում մաքրվել», – ասված է Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող հայ մտավորականների ֆորումի տարածած հաղորդագրության մեջ: