Էջմիածին քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի` տնօրենի պաշտոնում մնալ-չմնալու հարցը կորոշվի հարուցված քրեական գործի արդյունքների և ԿԳ նախարարության վերջնական որոշումից հետո: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, որ դպրոցի տնօրենը շարունակում է մնալ իր պաշտոնին, քանի որ Հանրապետական կուսակցության անդամ է:
«Որևէ կուսակցական նախապայմաններ Հանրապետականն իր անդամների գործունեության մեջ չի դրել և չի դնում: Մի նախապայման ա դրած ընդամենը` արդյունավետ ու մաքուր աշխատանք: Այսինքն` գուցե կան ինչ-որ շրջանակներ, որոնք այս կամ այն տեսակ ֆավորիտներ ունեն: Յուրաքանչյուր` հանրապետական լինի տնօրեն, թե ուսուցիչ, ինձ պետք է օգնի, ոչ թե խանգարի, և այդպես էլ կա»,- ասել է Աշոտյանը:
Նա նշել է, որ հարուցված քրեական գործն իրենց լիազորությունների դաշտում չէ, իսկ նախարարության մասով ստուգումներ կատարվել են:
«Կպաշտոնավարի՞ արդյոք այդ տնօրենը` կախված է երկու հանգամանքից` քրեական գործի ընթացքից, և մեր վեջնական դիրքորոշումից` արդյո՞ք այս ամենից հետո կա վստահության մթնոլորտ»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու և վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել և եղունգներով ճանկռել նրան` այնուհետև նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին, ով նաև հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն: