Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ երեկոյան ընդունել է երկրի կառավարության հրաժարականը: Սա Ասադի զիջումն էր ընդդիմադիր ուժերին, որոնք արդեն իսկ երկու շաբաթ հակակառավարական ցույցեր են անցկացնում Սիրիայում:
Կառավարության նոր կազմը հայտնի կդռանա 24 ժամվա ընթացքում: Նշենք, որ մինչև նոր կառավարության նշանակումը նախկին վարչապետ Նաջի ալ-Օտարին, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից, կշարունակի իրականացնել կառավարության ղեկավարի գործառույթները:
Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, կառավարության հրաժարականն Ասադի կողմից բավական փոքր զիջում էր ընդդիմությանը, քանի որ նախարարների կաբինետը Սիրիայում լուրջ դերակատարում չունի, և ողջ իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքերում:
Ակնկալվում է, որ Ասադն այսօր կդիմի ժողովրդին: Ընդդիմությունը հույս ունի, որ Սիրիայի նախագահը հայտարարելու է արտակարգ իրավիճակի վերացման մասին, որը Սիրիայում գործում է 1963 թվականից:
Հիշեցնենք, որ իրավապաշտպանների տվյալներով` բողոքի ցույցների երկու շաբաթվան ընթացքում զոհվել է 60 մարդ: