Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր իր առաջին ելույթն է ունեցել այն ժամանակից ի վեր, ինչ երկրում հակակառավարական ցույցեր են սկսվել (2 շաբաթ):
Ասադը սկսել է իր ելույթը`նշելով, որ ներկայումս Սիրիան «միասնության թեսթ» է անցնում:
«Ես պատկանում եմ Սիրիայի ժողովրդին, և նա, ով երբևէ պատկանել է սիրիացիներին, գլուխը միշտ բարձր պետք է պահի»,- ասել է Բաշար Ասադը`հանդես գալով Ազգային Խորհրդարանի պատգամավորների առջև մայրաքաղաք Դամասկոսում:
Ես գիտեմ, Սիրիայի ժողովուրդը ակնկալում էր լսել այս ելույթը դեռ անցյալ շաբաթվանից: Ես պարզապես սպասում էի իրավիճակի ամբողջական պատկերը ստանալուն, քանի որ չէի ցանկանում զգացմունքային ուղերձ հղել ժողովրդին, ինչը մարդկանց շփոթմունքի մեջ կգցեր, և իրական արդյունք չէր ունենա այն դեպքում, երբ թշնամիները խաղարկում են Սիրիայի ապագան», – ասել է Սիրիայի նախագահը:
Մարդիկ ցանկանում են կոռուպցիային վերջ դնել: Բայց փողոցում հավաքված մարդիկ միաժամանակ նշում են. «Մենք բարեփոխումներ ենք ցանկանում, բայց մենք նաև Բաշար ալ-Ասադին ենք ուզում տեսնել իշխանության գլխին», – հաղորդում է «Ալ Ջազիրայի» թղթակիցը:
Ակնկալվում է, որ Ասադը մի շարք բարեփոխումներ կիրականացնի, որոնց մասին նա հայտարարել էր դեռ անցյալ շաբաթ: Նշենք, որ երեքշաբթի հրաժարական տվեց երկրի կառավարությունը, թեև Սիրիայում կառավարությունը քիչ դերակատարություն ունի, քանի որ իշխանությունը կեմտրոնացած է Բաշար ալ-Ասադի ձեռքում, ինչը նշանակում է, որ կառավարության փոփոխությամբ մեծ տեղաշարժեր երկրում չեն լինի: Ընդդիմությունն ակնկալում է, որ Ասադը մոտ օրերս չեղյալ կհամարի երկրում 1963 թվականից գործող արտակարգ դրությունը: