ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ նա հացադուլ էր իրականացնում մարտի 15-ից:
Ազատության հրապարակում ժամը 17:00-ի սահմաններում հավաքված համակիրների և լրագրողների առջև հնչեցրած իր ելույթը Հովհաննիսյանը սկսել է Մահաթմա Գանդիի խոսքերով. «Նախ անտեսում են քեզ, հետո` արհամարում, ապա` հարձակվում քո վրա, հետո դու հաղթում ես»:
Հովհաննիսյանը նշել է, որ իր «Ծոմ Ազատությանը» նվիրում է Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատամարտի երկրորդ տասնամյակի տարեդարձին: Նա հավելել է, որ ավարտում է ծոմի առաջին արարը. վաղը լրանում է իր դստեր` Շուշիի 18-ամյակը, և ինքը ցանկանում է իր ընտանեկան պարտքը մատուցել, քանզի վերջին օրերին թերացել է իր հայրական պարտականությունների կատարման մեջ:
«Ազատության այս քաղաքացիական սրբավայրը դարձել է նույն արժեքների հավաքատեղի` ազատություն, ինքնիշխանություն, արժանապատվություն: Քաղաքականության և հասարակության մեջ մենք տեսնում ենք, որ ապրել ենք ոգու և գիտակցության բարձրացման մի հանգրվան, այլևս ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները գիտակցեն, որ իրենք են մեր պետականության ապագա սերունդները: Բանավեճերի, զորակցության, այցերի, երգի ու պարի միջոցով մեր ժողովուրդը պահանջում է իշխանության վերադարձը թե ընտրական միջոցով, թե` ըստ էության: Այս ամեն ինչն արդեն օրակարգում է և անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթներին այն, ինչ կա, լինի շարունակական», – ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է նաև, որ կարևորն իր հացադուլի օրերին հավաքվող մարդկանց ոչ թե քանակն է, այլ որակը:
Պատգամավորի խոսքից հետո Ազատության հրապարակում ներկա հոգևորականն աղոթք կարդաց, օրհնեց իր ձեռքի հացը, որից հետո խնդրեց Րաֆֆի Հովհաննիսյանին ճաշակել այն:
Ներկաները ծափահարեցին, ողջունեցին Հովհաննիսյանի որոշումը, որից հետո հայտարարվեց, որ այսօր հրապարակում համերգով հանդես կգա Ռուբեն Հախվերդյանը: Այս պահին համերգն արդեն մեկնարկել է:
Հիշեցնենք, որ Հախվերդյանը երկու օր առաջ եկել էր Ազատության հրապարակ` զորակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին: