«Առավոտ» օրաթերթի տեղեկություններով, Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով լուծարված «Արագ արձագանքման» ծառայության փոխարեն ստեղծվել է հատուկ մոնիտորինգային հանձնաժողով, որը մոնիտորինգ է իրականացնելու մարդու իրավունքների խնդիրների հետ կապված: Նշված հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, իսկ հետո ոստիկանության փնտրողական-օպերատիվ գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տվյալների համաձայն, Կարեն Անդրեասյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ազատման դիմում է գրել և այլևս աշխատանքի չի ներկայանում:
Չնայած նոր մամուլի քարտուղարի նշանակման հրամանը դեռևս չկա, սակայն պաշտոնի ապագա տերը անցած շաբաթվանից անցել է իր գործին: Օրաթերթը հայտնում է, որ Անդրեասյանի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի աշխատակազմի ղեկավար, ՕԵԿ-ական Արտաշես Ավոյանի կինը` Շաքե Ավոյանը, որը արդեն մի քանի օր է ոչ ֆորմալ, բայց բնականոն հաճախում է օմբուդսմենի գրասենյակ: