ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որին պաշտոնի չարաշահման հետ կապված մեղադրանք են առաջադրել, այժմ պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում` Անվտանգության ծառայությանը կից: Կալանքի սանկցիան դատարանում քննելիս` նրան ուշիուշով մեկուսացրել էին` չթողնելով շփվել լրագրողների հետ, և այդ մեկուսացումը բարեհաջող շարունակվում է մինչ այսօր, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Նրա մոտ այս օրերին մուտք են գործել միայն կինն ու որդին, ինչպես նաև փաստաբանը, որի անձի ընտրությունը ևս խոսում է այն մասին, որ Թամամյանի նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել: Նրան պաշտպանում է փաստաբան Վաղինակ Գևորգյանը, որը հայտնի է իշխանական իրավապահների հետ սերտ հարաբերություններով և հատկապես դատախազությանը որոշակի ծառայություններ մատուցելով: Ժամանակին մի քանի աղմկոտ պատմություններ եղան, որտեղ Գևորգյանի ստորագրությամբ օրինականացրել էին մեղադրյալի նկատմամբ անօրինական հարցաքննությունը, զննությունը և առերեսումը:
Օրաթերթը նշում է, որ ըստ ամենայնի` Թամամյանին չեն թողել ընտրություն կատարի, նրան առաջարկել են պայմանագիր կնքել հենց այս փաստաբանի հետ և ընդհանրապես` ընդունել խաղի այն կանոնները, որն առաջարկում են իրեն, հակառակ դեպքում` «Վատ կլինի»: Եվ վերջինս հույսը դրել է իշխանությունների և մասնավորապես` դատախազության ողորմածության վրա: