Մոտ մեկ տարի առաջ «Երևան ջուր» ընկերությունն ուսումնասիրություններ է անցկացրել մայրաքաղաքի 113 բազմաբնակարան շենքերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շենքերում ընկերությունը կորցնում է մատակարարվող ջրի մոտ 50%-ը: 2010 թվականն ընկերությունն ամփոփել է 82-83% կորուստով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Երևան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը:
Հարցին, թե ով է պատասխանատու այդ կորուստի համար, բանախոսը պատասխանել է, որ համակարգի միայն մեկ մասն է շահագործվում իր ներկայացրած ընկերության կողմից:
«Էդ կորուստի մեջ գնահատված է ամբողջ մեծությունը: Ընդամենն ասում ենք, որ մեր փորձը ցույց է տալիս, որ 50% մոտավորապես բազմաբնակարան շենքում է կորում` մուտքի ջրաչափից մինչև սպառողը: Բայց մինչև մուտքի ջրաչափը կա էլի հատված, որը մերը չէ:
Էսօրվա օրով այդ կորուստն ընկերության վրա է, կոպիտ ասած, լինում», – ասել է Մարգարյանը: Ըստ նրա` այս կորուստներն ազդում են նաև սակագների վրա, «բնականաբար շղթա կա»:
Ջրի սակագինը ճշգրտվում է չորս գործոններով` սպառված ջրաքանակ, էլէկտրաէնէրգիայի սակագինը, սղաճ և եվրո/դոլար փոխարժեքը: Մարգարյանը նշել է, որ, բոլոր գործոնները հաշվի առնելով, սակագինը ստացվում է 175,06. «Նախորդ տարվա սակագինը 195 դրամ էր, սակայն սպառողները վճարում էին 181 դրամ»:
Այժմ, ըստ Մարգարյանի, սպառողների համար նախատեսվում է 6 դրամանոց նվազում, ընկերության համար` 20:
Նոր սակագինը գործողության մեջ կմտնի հուլիսի 8-ից: