Ադրբեջանական ընդդիմությունը կորցրել է հեղինակության այն մակարդակը, որն ուներ 2000, 2003, 2005 թվականների ընտրությունների բողոքի ակցիաների ժամանակ: Newcaucasus.com-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և հրապարակախոս Քենան Գուլուզադեն:
Նրա խոսքով` ընդդիմությունը չդիմացավ իր նկատմամբ կիրառվող ճնշմանը: «Եթե անգամ հաշվի առնենք ընտրազանգվածի մեծ թիվ կազմող ընդդիմադիր տրամադրությունները, դա չի նշանակում, որ այդ ընտրազանգվածը պատկանում է դասական համակարգված ընդդիմությանը: Այսօր Ադրբեջանում բողոքող մարդիկ իրենք իրենց համար են գործում, իսկ ընդդիմությունը` որպես մարգինալ խումբ` իր համար»:
Հարցին` ինչու մարտի 11-ին և 12-ին ընդդիմությանը չհաջողվեց կրկնել Եգիպտոսի և Թունիսի իրադարձությունները, փորձագետը պատասխանել է: «Այն, ինչ տեղի ունեցավ այդ երկրներում, տարրերային բնույթ էր կրում, և եթե նման բան այստեղ կրկնվի, դա ընդդիմության արժանիքը չի լինի: Ընդդիմությունը նայում է Մերձավոր Արևելքին`փորձելով որևէ նման բան գտնել: Այդ կապի հնարավորությունները հրապարակավ քննարկում են նաև իշխանության ներկայացուցիչները, որոնք, անշուշտ, նույնպես հետևում են Մերձավոր Արևելքի դեպքերին:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ կարող է հեղափոխություն տեղի ունենալ: Իրականությունը ցույց է տալիս, որ մեր ազգը ուրախ կլիներ, եթե որևէ մեկն իրենց փոխարեն լուծեր իրենց խնդիրները` վեր կենալու, գնալու և ինչ-որ բան պահանջելու փոխարեն: Առավելագույնը, որ այստեղ կարող է լինել, «չայխանայի» և խոհանոցի մակարդակով խուլ բողոքն է և ոչ թե ինչ-որ վառ և ձայնեղ այլ բան: Մարդիկ էլ մեզ մոտ, անկեղծ ասած, ավելի լավ են ապրում, քան Մերձավոր Արևելքում»,- եզրափակել է քաղաքագետը: