Home / Հայաստան / Աշխարհում կանանց մեկ երրորդը ծննդաբերում է առանց բժշկական օգնության

Աշխարհում կանանց մեկ երրորդը ծննդաբերում է առանց բժշկական օգնության

Բրիտանական «Save the Children» (Փրկեք երեխաներին) բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում կանանց մեկ երրորդը (մոտ 48 մլն կին) ծննդաբերում են առանց անհրաժեշտ բժշկական օգնության:

«Save the Children»-ի հաշվարկների համաձայն` աշխարհում 350 հազար  մանկաբարձների պակաս կա, և եթե այդ բացը հնարավոր լիներ լրացնել, ամեն տարի մարդկությունը կկարողանար ավելի քան մեկ միլիոն նորածինների կյանք փրկել, հաղորդում է BBC-ն:

«Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, պետք է լինի մեկը, ով գիտի` ինչպես չորացնել երեխային կամ մեջքին այնպես հարվածել, որ երեխան կարողանա շնչել,- ասում է կազմակերպության ղեկավար Ջասթին Ֆորսայթը: -Նման աննշան բաները, հաճախ որոշում են նորածնի կյանքի կամ մահվան ելքը: Երեխաները չպետք է ծնվեն մահանալու համար»:

Մանկաբարձների բացակայությունը ողբերգական հետևանքների է հանգեցնում: Բրիտանական բարեգործական կազմակերպության տվյալների համաձայն, ամեն օր ծննդաբերության ընթացքում հեշտությամբ կանխելի բարդացումների պատճառով մահանում են մոտ 2000 երեխաներ:

Մանկաբարձների թվի մեծացման նպատակով հասարակական շարժում սկսած «Save the Children»-ը նշում է, որ աշխարհի ամենաաղքատ երկրներում նորածիններն ավելի հաճախ մահանում են ծննդաբերության ընթացքում թթվածնի բացակայության պատճառով, քան մալարիայի:

Եթովպիայում կանանց 94% -ը ծննդաբերում է առանց որևէ որակավորված բժշկական օգնության, մինչդեռ Բրիտանիայում այդ թիվը կազմում է ընդամենը 1%: