Home / Հայաստան / Երևանյան մետրոյում`«Ինտերնետ = այլասերում = անտարբերություն =կործանում»

Երևանյան մետրոյում`«Ինտերնետ = այլասերում = անտարբերություն =կործանում»

Չի կարելի ասել, որ Հայաստանը աշխարհի ամենաինտերնետացված երկրների շարքում է: Տարբեր գնահատականներով, ինտերնետի պարբերական և մշտական մուտք ունեն երեք միլիոնանոց բնակչության մոտ 5-12 տոկոսը: Տարածաշրջանի երկրներից ինտերնետի գները Հայաստանում ամենաթանկն են (բացառությամբ Իրանի), կապի որակը` ամենավատը: Միջին ամսեկան արժեքը` 1 մգբ/վայրկյանում 20 դոլար:

Չնայած այս հանգամանքին, շատ հոգեբաններ, հոգևորականներ և «մեր նախնիների բարոյական արժեքների պահպանման այլ առաջամարտիկներ» ժամանակ առ ժամանակ հեռուստատեսությամբ և լրատվական այլ միջոցներով, այդ թվում` ինտերնետային կայքերի միջոցով նախազգուշացնում են այն մասին, թե ինչ վտանգներ են սպառնում հայերին համացանցում:

Մայրաքաղաք Երևանի բոլոր սյուներին փակցված տարբեր պաստառների միջոցով  «Մեկ Ազգ» միությունը տարբեր բնույթի նախազգուշացումներ է հղում հայաստանցիներին, ինչպես, օրինակ, «Ռագանոսեցներ, հետևե՛ք ձեր ընկերուհիների բաց պոռտերին», «Ո՛չ թուրքամետ Ամերիկային, այո՛ Ռուսաստանին»: Վերջերս այս նախազգուշացումներին ավելացել է այս մեկը` «Ոչ էրոտիկ կայքերին»:

Այս շարժումը հասել է մետրոյի գնացքներ, որտեղ փակցված են հետևյալ պաստառները` «Ինտերնետ =այլասերում=անտարբերություն=կործանում»:

Epress.am-ը փորձել է պատահական անցորդներից պարզել մարդկանց վերաբերմունքը ինտերնետի նկատմամբ:

Արփի, 32 տարեկան, աշխատում է պատճենահանման կետում

-Ինձ համար ինտերնետը շատ բան է արել: Ես աշխատանք գտա, ամուսնացա, շատ ընկերներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում: Բայց երեխաներին պետք է հեռու պահել համակարգչից, այնտեղ շատ ավելորդ բաներ կան:

-Իսկ Ձեզ որևէ մեկը հեռու պահո՞ւմ էր համացանցից:

-Ոչ, ես արդեն չափահաս էի և ինքնուրույն, երբ սկսեցի օգտվել համակարգչից: Իսկ իմ ծնողները մինչև հիմա չեն պատկերացնում, թե դա ինչ է:

Վարդգես, 47 տարեկան, տաքսու վարորդ

-Համակարգիչը վարկով վերցրել ենք տղայիս և աղջկաս համար: Հետո հանրահավաքների ժամանակ նրանցից ամեն մեկը ինչ-որ բան էր պատմում, որ իմացել են ինտերնետից: Տղայիս ստիպում էի սովորեցնել ինձ տարբեր կայքեր մտնել: Նա, իհարկե, ուրախ չէ: Բայց լուրեր ես միայն ինտերնետում եմ կարդում: Հեռուստացույցով միայն ֆիլմեր եմ դիտում: Թեև, անկեղծ ասած, մինչև հիմա չեմ հասկանում ինչպես են այդ ամենը ինտերնետում տեղադրում: Դե դու էլ հենց բացատրի:

-Իսկ երեխաներին վերահսկո՞ւմ եք:

-Իսկ ինչ է, նրանց հնարավոր է վերահսկե՞լ: Մի հավատա նրանց, ովքեր ասում են, որ հնարավոր է: Իսկ այդ կեղտն առանց ինտերնետի էլ հերիքում էր: Բացի դա, ես նարդի ու բիլիարդ եմ խաղում արտասհմանցիների հետ: Վատ չի, որ ես ստեղ նստած կարողանում եմ չինացուն կամ ավստրալացուն հաղթել:

Լուսինե, 22 տարեկան, գրականագետ

-Ինտերնետն ինձ համար, նախևառաջ տեղեկատվության շատ արագ աղբյուր է, որը թույլ է տալիս ժամանակ խնայել: Ինտերնետը դրական դերակատարում ունի նաև հասարակության ժողովրդավարացման տեսանկյունից: Ավելի հեշտ է բողոքի ակցիաներ կազմակերպել, ավելի հեշտ է գաղտնի միջոցներով գործել` ազատության ճանապարհով շարժվելու համար:

Խաղերն ու այլ ժամանցային կայքերը ինձ համար չեն, դրանց իմաստը չեմ հասկանում: Սակայն ես չէի արգելի նման կայքերը, ես իրավունք չունեմ որևէ մեկի հետաքրքրություններն արգելել, շատերին դա միգուցե և անհրաժեշտ է:

Սվետա, 65 տարեկան, հաց վաճառող

– Լսել եմ ինտերնետի մասին, սակայն անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե դա ինչ է: Գիտեմ, որ դա համակարգչի հետ է կապված, իսկ մենք դա չունենք:

-Արման, 25 տարեկան, գործազուրկ իրավաբան

– Ինտերնետը օգնում է ժամանակ անցկացնել, կարևորն այն է, որ «չտանի»: Ես ծանոթներ ունեմ, ովքեր առավոտից ինտերնետ ակումբներում են, աշխատանքից էլ հետո են գնում այնտեղ: Ոմանք կազինո են խաղում, բայց հիմնականում ծանոթանում ենք, աղջիկ ենք կպցնում: Այդպես հեշտ է և ավելի էժան, միանգամից բուն թեմային ես անցնում:

Անի, 21 տարեկան, ուսանողուհի

-Առանց ինտերնետի հիմա անհնար է սովորել, բոլոր ռեֆերատները, գրականությունը ավելի հեշտ է գտնել կայքերում:

-Իսկ սոցիալական կայքերը՞:

-Հիմա բոլորն են օգտվում դրանցից: Ես միայն ծանոթներիս, կամ շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվում:

-Իսկ գիտե՞ք, որ շատերն ասում են, որ «աղջիկ են կպցնում ինտերնետում»:

-Իսկ ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ: Միգուցե, ինչ-որ մեկին և հնարավոր է «կպցնել», բայց դա նշանակում է, որ նրանց առանց ինտերնետի էլ հնարավոր է կպցնել: