ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Վրաստանի նախագահ Սաակաշվիլիի` Հայաստան կատարած այցից հետո տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի այցը, օրերս Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ այս ամիս սպասվում է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների այցը: Վերջերս Վրաստան էր այցելել Հայաստանի կրթության նախարարը:
«Կարծում եմ, այս գործընթացը կշարունակվի, և յուրաքանչյուր դեսպան պետք է ուրախ լինի այդպիսի փոխայցելությունների համար: Չնայած մեր շատ լավ հարաբերություններին, երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման մեծ ներուժ կա, և իմ ու նախագահ Սաակաշվիլիի խնդիրը, ինչպես նաև Ձեր խնդիրը` այդ ներուժը զարգացնելն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Թենգիզ Շարմանաշվիլին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը` երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: