Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուղերձ է հղել հայաստանցի դատավորներին:
Ուղերձում Անդրեասյանը հիշեցնում է, որ 2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները:
Այս կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենը դատավորներին հղած ուղերձում ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
«Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները,
Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին,
Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկատվությունը կամ գաղափարը, որն ընդունվում է բարեխղճությամբ կամ համարվում է անվտանգ և չեզոք, այլ նաև այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն՚,
Լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության և նույնիսկ` սադրանքների,
Պաշտպանվում է ոչ միայն գաղափարի ու տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև այն ձևը, որով այն ներկայացվել է,
Ի տարբերություն փաստական տվյալների` անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների և մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը,
Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլոց հեղինակության կամ իրավունքների, հասարակական շահի, արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանության նպատակներով, որոնք, սակայն, պետք է ենթարկվեն խիստ սահմանափակ մեկնաբանության,
Ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է և այլն:
Ելնելով այս սկզբունքների պահպանման և միաժամանակ լրագրողների մասնագիտական էթիկայի ապահովման անհրաժեշտությունից` ավելի եմ արժևորում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծումն ու լրագրողական վարքագծի կանոնագրքերի մշակումը: 2007թ-ից «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության դիտորդ մարմինը, որն իրականացնում է Վարքականոնի պահպանման դիտարկում, քննարկում է դրա դրույթների խախտման վերաբերյալ դիմում-բողոքները և ընդունում համապատասխան եզրակացություններ: Ցանկալի է, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող վեճերի լուծումը իրականացվի հենց այս մարմնի կողմից` լրագրողական էթիկայի չափանիշներն արդյունավետ իրագործելու, չարաշահումները վերացնելու և լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով:
Այդուհանդերձ, եթե անձը նախընտրում է դիմել դատարան, ապա, վստահ եմ, որ Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող վերոհիշյալ մեկնաբանությունները և սկզբունքները կլինեն Ձեր կողմից ընդունված դատական ակտերի հիմքում», – նշում է ՀՀ օմբուդսմենը: