Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերը 90-ականների համամետ փոխվել է: Newcaucasus.com-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է քաղաքագետ և հրապարակախոս Քենան Գուլուզադեն:
«Սա արդեն այլ պետություն է, որի քաղաքական նպատակները, առնվազն երկրի սահմաններին, պայմանավորված են տնտեսական ներուժով: Ռուսաստանը ներկայումս կարող է գնել, կաշառել, ավելի լավ պայմաններ առաջարկել, քան տարածաշրջանի մյուս շահագրգիռ պետությունները: Հարավային Կովկաս տարածքում ներկայիս Ռուսաստանի հետ Արևմուտքը չի կարողանում մրցել: Արևմուտքն այնքան է խրված այլ տարածաշրջաններում առկա խնդիրների մեջ, որ նաև մեր տարածքում խաղալու համար այն ոչ ժամանակ, ոչ էլ համբերություն ունի»,-պարզաբանել է նա:
Գուլուզադեի խոսքով` հենց այդ պատճառով էլ, Արևմուտքի համաձայնությամբ, Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացի կազմակերպչի մենաշնորհը փաստացիորեն անցել է Ռուսաստանին: «Միաժամանակ, զգացվում է, որ Դմիտրի Մեդվեդևը դեմ չէր լինի որոշակի վերջակետ դնել ղարաբաղյան հակամարտության մեջ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: Ռուսաստանն այժմ ավելի հավասարակշռված և ավելի հեռանկարային դիրքորոշում է գրավել հակամարտող կողմերի նկատմամբ, ի տարբերություն 90-ականների, և Մեդվեդևի պաշտոնավարման մեկնարկից առաջ»,- եզրափակել է փորձագետը: