Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայկական գաղութներում իր շրջագայությունից վերադառնում է Հայաստան: Այստեղ նրան ուշագրավ նորություններ են սպասվում, գրում է «Հրապարակ» օրաթերթը.
«Գլխավոր դատախազությունը մարտի 25-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանի բողոքը` որպես վարչական իրավախախտումների վարույթ, ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն` որպես օրենքով սահմանված կարգով հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմին: Միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից մարտի 24-ին ընթացք է տրվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրենի` Սերժ Սարգսյանին ուղղված գրությանը, որի հիման վրա ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացնում նշված գրության մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որոնց պատճառով արդեն 3 ամիս է` խաթարվել է հիմնադրամի բնականոն գործունեությունը: Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը մարտի 21-ին դիմել էր գլխավոր դատախազություն` բողոքարկելով Սփյուռքի նախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի գործունեությունը, ինչպես նաև հիմնադրամին ստեղծված փակուղուց դուրս բերելու և դրա գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու համար»: