Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային թիմի` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դադարեցնում է համագործակցությունը կատալոնյան ակումբի հետ: Գվարդիոլայի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2012 թվականին, և մարզիչը չի պատրաստվում երկարաձգել այն:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այս անկնկալ հայտարարությունն արել է «Rai Sport» հեռուստաալիքի եթերում:
«Կարծում եմ` իմ ժամանակը «Բարսելոնայում» ավարտվում է: Ակումբում ինձ լավ եմ զգում, բայց համարում եմ, որ կարիք չկա երկար մնալ նույն ակումբում: Հաջորդ տարին ինձ համար արդեն չորրորդն է լինելու «Բարսայում», և ամենայն հավանականությամբ վերջինը: Կարծում եմ, որ դժվար է միևնույն մարդկանց հետ անընդհատ աշխատել, մարզիչներն ու ֆուտբոլիստները հոգնում են միմյանցից: Այդ իսկ պատճառով պետք չէ նույն ակումբում երկար մնալ», – ասել է Գվարդիոլան:
Գվարդիոլան «Բարսելոնայի» պատմության մեջ ամենահաջողակ մարզիչներից մեկն է: 3 մրցաշրջանի ընթացքում նրա գլխավորած թիմը նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները` Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների Լիգա, Իսպանիայի Սուպեգավաթ, Եվրոպայի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն:
Նշենք, որ 2010 թվականին կայացած ասուլիսներից մեկում Գվարդիոլան նշել է, որ պատրաստվում է իր ողջ ֆուտբոլային կարիերան անցկացնել «Բարսելոնայում»: