Հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը երեկ Հոլանդիայի առաջնության շրջանակներում իր առաջին գնդակն է խփել Ամստերդամի «Այաքսի» կազմում: «Հերակլես» ակումբի հետ խաղում Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց օգտագործել է 19-ամյա դանիացի Նիկոլայ Մյոլլեր-Բոյլեսենի փոխանցումը: Այս առաջնությունում Օզբիլիսը 10-րդ հանդիպումն էր անցկացնում «Այաքսում»: Այդ հանդիպումներից 8-ում նա փոխարինման է դուրս եկել:
Օզբիլիսը, ով ծնվել է թուրքական Բաքիրոյում և մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա, «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայի սան է: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարները դեռևս անցյալ տարի առաջարկել են ֆուտբոլիստին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ կընդունի հայաստանյան կողմի հրավերը, եթե իրեն չկանչեն Հոլանդիայի հավաքական: