Ընդդիմադիր մամուլի դեմ ուղղված արշավին մասնակցում են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները, օլիգարխները, և, ցավոք սրտի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը: Մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցը` նման կարծիք Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Ես ինքս երեկ կարդացի այն նյութը, որը առիթ է հանդիսացել այդ հայցի համար, և պետք է ասեմ, որ այդ հրապարակման մեջ դատական հայցի որևէ հիմք չեմ տեսնում: Այնտեղ կան լրագրողի դատողություններ, դրանց հետ կարելի է համաձայնել կամ ոչ, բայց խեղաթյուրված փաստեր չկան: Սա պարզապես ընդդիմադիր մամուլի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու փորձ է»,- ասել է փորձագետը:
Նման իրավիճակներից խուսափելու համար Մելիքյանը նշել է երկու հանգամանք.
«Նախ լրատվամիջոցները պետք է բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորեն, զերծ մնան հրապարակումներում անհարկի վիրավորանքներից: Պրոֆեսիոնալիզմը և բարձր պատասխանատվությունը շատ կարևոր են»:
Որպես երկրորդ հանգամանք մեր զրուցակիցը նշել է անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանում:
«Քանի դեռ դատական համակարգը գործադիրի ազդեցության տակ է. քանի դեռ չի կայացել անկախ դատական համակարգի ինստիտուտը, դատարանները շարունակելու են որպես հաշվեհարդարի մեքենա ծառայել»,- եզրափակել է Աշոտ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցի համար հիմք է հանդիսացել օրաթերթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը:
Օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ դատական հայցը ներկայացնելուց հետո, դատարանն արդեն իսկ ցույց է տվել իր կանխակալ վերաբերմունքը` բավարարելով բանկային հաշվի և գույքի վրա կալանք դնելու Քոչարյանի պահանջը:
«Նրանք պահանջում են հերքում տպագրել, բարոյական վնասի համար փոխհատուցել, և վերջին` երրորդ պահանջը` գույքի և բանկային հաշիվների վրա կալանք դնել, իսկ այս վերջինը ոչ այլ ինչ է, եթե ոչ ոչ մեկի ենթակայության տակ գտնվող թերթի գործունեության խոչընդոտում»,- ասել էր Օհանյանը:
Նա նշել էր, որ իրենք պատրաստվում են բոլոր իրավական միջոցներով պայքարել.
«Չնայած պրակտիկայից արդեն իսկ ակնհայտ է, որ խիստ փոքր է դատարանի օբյեկտիվ լինելու տոկոսը»: