Այս տարվա հունվար ամսին համացանցում հայտնված տեսանյութը վերջին օրերին ադրբեջանական ինտերնետ-լրատվության մեջ բազմաթիվ հրապարակումների առիթ է տվել:
Տեսանյութում հայաստանցի երգիչ Վլե Խալոյանը (կեղծանունը` Եզդի Վլե, նա էթնիկ եզդի է – Epress.am) մոսկովյան ռեստորաններից մեկում կատարում է «Սրտի բանալի» երգը: Երգի կեսից նրան է միանում ադրբեջանցի երգիչ Տաջիր Շահմալիօղլուն և շարունակում է միևնույն երգը իր հարազատ լեզվով: Այնուհետև Խալոյանը գրկում և համբուրում է ադրբեջանցի գործընկերոջը: Վերջինս վերադառնում է իր տեղը, իսկ Վլեն շարունակում է երգել:
Այս առնչությամբ Aze.az-ը գրում է, «ծագումով Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի երգչի հայ երգչի հետ կատարումը ցնցել է ադրբեջանական հանրությանը»:
«Յենի Մուսավաթի» հետ զրույցում երգիչը նշել է, որ այդ միջոցառումը կայացել է 2011 թվականի հունվարի 1-ին: «Ադրբեջանցիների հետ համերաշխության օրը, ես հրավեր ստացա մասնակցելու մոսկովյան «Պրեստիժ« ռեստորանում երեկո անցկացնելու: Իսկ կայքերում ռեստորանի անունը սխալմամբ «Օջախ» է անվանվում: Տվյալ ռեստորանը պատկանում է ադրբեջանցի գործարար Նազիմին: Միջոցառման ընթացքում պարզվեց, որ երեկոյին ներկա են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ներկա էին և քրդեր և հայեր: Հայ երգիչը կատարեց մեր երգը իրենց լեզվով, և ներկայացրեց այն որպես հայկական երգ: Այլ կերպ ես չեի կարող վարվել: Եվ ես որպես մարդ, որը ներկայացնում է ազգի մշակույթը, երգեցի այդ երգը ադրբեջաներեն: Ասում են մշակույթը ամենամեծ քաղաքականությունն է, ելնելով այդ տրամաբանությունից, ես պատասխանեցի նրանց` այդ երգը կատարելով հարազատ լեզվով: Եթե ես չպատասխանեի նրանց, դա ճիշտ չէր լինի իմ կողմից: Քաղաքակիրթ կերպով կատարելով երգն ադրբեջաներեն , ես պատասխանեցի հակառակ կողմին»: