Ֆեմինիստական շարժումների` կնոջը և տղամարդուն հավասարության մղելու գործունեությունը ծիծաղելի է, քանի որ բնությամբ տղամարդն ու կինը հավասար չեն. յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիան, և հավասարության մասին խոսելը սխալ է:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Ասուլիսի ընթացքում նա և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը խոսել են ազգային արժեքների պահպանման գործում հայ կնոջ դերի մասին:
«Մեր նման ազգերի համար սխալ է, էդպես որ լինի, դե թող տղամարդիկ էլ ծննդաբերեն: Կարծում եմ, որ հայ կինը անտեսված չի եղել. նույնիսկ նահապետական ընտանիքներում հարսի` սկեսրայրի հետ չխոսելն իր իմաստն ուներ, իսկ այդ ամոթխածության կորուստն է նաև, որ այսօր մեր շուրջբոլորը տեսնում ենք համատարած անբարոյականություն` փողոցներում կարելի է տեսնել ցոպ ու շվայտ աղջիկների, որոնք սահման չունեն: Հայ կնոջ թևատակը նախկինում նույնիսկ պարի մեջ չպիտի երևար, իսկ այդ ամոթխածությունը լուրջ խորհուրդ ուներ: Իսկ հիմա մենք այդ ամոթի կորուստի վկաներն ենք»,- ասել է Գինոսյանը:
Ահարոն Ադիբեկյանն էլ նշել է, որ ազգի ֆիզիկական չափորոշիչները որոշում է կինը, որովհետև նա է ծնող, վերարտադրող էակը:
«Մեզ մոտ ծնելիությունը երկու անգամ կրճատվել է, մենք կրճատվող ազգերի շարքում ենք: Մեր փեսացուները այստեղ չեն, հնարավոր ա` Վլադիվոստոկում վարունգ ա ծախում, փեսացու որտեղի՞ց եք վերցնելու»,- ասել է Ադիբեկյանը:
Նա պատմել է իր կենտրոնի արած հարցումներից մեկին մասին, որից պարզվել է, որ հայ տղամարդիկ տան գործ են անում, օգնում են կանանց` տունը մաքրել, լվացք անել, ճաշ եփել, բայց ամաչում են դրա մասին խոսել, որովհետև ավանդական կերպարում տղամարդը նման բան պիտի չանի:
«Երբ խոսքը գնում ա սեռական հարաբերությունների մասին, կինը կարող ա դավաճանի իր ամուսնուն և սիրեկանի հետ անի այն, ինչ ամուսնու հետ կամաչի անի: Նույնը տղամարդը. նա ասում ա` շատ կուզեմ իմ կինը ինձանից ստանա այն, ինչ ստանում ա կուրսընկերուհին կամ գործուղման այդ ընկերուհիները»», -ասել է Ադիբեկյանը:
Նա նշել է, որ առաջին խնդիրներից, որ պետք է լուծել, կանանց ավելի ծավալային ներգրավումն է հասարակական կյանքում: