Այսօր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի հայցի քննության նախնական դատական նիստը: Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հայցադիմումի պատասխան չէր ներկայացրել` նշելով, որ իրենց բոլոր փաստերն ու հիմնավորումները կներկայացնեն դատաքննության ընթացքում, տեղեկացնում է hetq.am-ը:
Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացմամբ, նա հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը` պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հետո ավելացրել էր` «լավ արեցի» ու կրկին շարունակել հայհոյել: Դեպքից հետո Բալասանյանը հայցադիմում էր ներկայացրել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
Լրագրողի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրել է հայցապահանջը և հիմնավորել այն Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են», 23-րդ հոդվածով, համաձայն որի` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական և ընտանեկան կյանքը», ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագով և միջազգային այլ փաստաթղթերով:
Վահե Գրիգորյանը դատարանին էր ներկայացրել Գրիշա Բալասանյանի և Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը` լազերային կրիչով, հայցվորի և պատասխանողի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրության վերծանումը, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշման պատճենը քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Վահե Գրիգորյանը պատասխանողից փորձել է ճշտել, թե պատասխանողներն ընդունո՞ւմ են ներկայացրած ապացույցները, թե՞ առարկություններ ունեն, քանի որ դրանից է կապխված հայցվորների հետագա քայլերն ու ապացուցման պարտականության բեռը կողմերի վրա բաշխելը:
Գևորգ Գևորգյանը կրկնել է, որ իրենք դատաքննության ընթացքում կներկայացնեն իրենց փաստարկներն ու դիրքորոշումները: Դատավոր Աիդա Դավթյանը միջամտել է պահանջելով հստակեցնել` ընդունո՞ւմ են հայցվորների ներկայացրած փաստերը, թե՞ ոչ: «Ասացի, որ չենք ընդունում հայցապահանջը, այդ թվում նաև դա»,- ասել է Գևորգյանը:
Հայացվոր կողմը հաջորդ նիստին պետք է ներկայացնի դատական ծախսերը հիմնավորող ապացույցներ: Բուն դատաքննությունը կշարունակվի ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին: