Home / Հայաստան / Չինաստանում սեռական ճանապարհով փոխանցվող նոր վարակ է հայտնաբերվել

Չինաստանում սեռական ճանապարհով փոխանցվող նոր վարակ է հայտնաբերվել

Չինաստանում ՁԻԱՀ-ի ախտանիշներ ունեցող մի քանի հազար մարդ դիմել է բուժօգնության, սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետազոտության արդյունքները բացասական են եղել, ինչի առնչությամբ փորձագետները սկսել են վարկածներ առաջ քաշել անհայտ վարակի մասին, գրում է «Դունֆան ցզաոբաոն»:

ԶԼՄ-ների փոխանցմամբ` Չինաստանում նման ախտանիշերով հիվանդության դեպքեր են գրանցվել Պեկինում, Շանհայում, ինչպես նաև Չժեցյան, Գուանդուն, Ցզյանսու և Խունան շրջաններում: Հոնկոնգի մամուլը հաղորդել է նույն վարակի ի հայտ գալու մասին նաև Հոնկոնգում և Սինգապուրում: Նախնական տվյալների համաձայն` այս նոր վարակը, ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տարածվում է սեռական ճանապարհով, ինչպես նաև արյան և թքի միջոցով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Հիվանդների մոտ նկատվում է լիմֆատիկ հանգույցների մեծացում, վերջույթների քրտնարտադրություն, մաշկի վրա կարմիր կետերի առաջացում, ջերմության աննշան բարձրացում: Այս բոլոր ախտանիշները համարվում են ՄԻԱՎ-ի վարակի առաջին նախանշանները: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ՄԻԱՎ չէ, ինչի առնչությամբ թերթերն արդեն նոր վարակը «Բացասական ՄԻԱՎ» անվամբ են կնքել:

Միաժամանակ, մի շարք փորձագետներ նշում են, որ դեռ վաղ է խոսել նոր վարակի մասին: Նրանց կարծիքով` «Բացասական ՄԻԱՎ»-ի հիվանդներից շատերը տառապում են, այսպես կոչված, «ՄԻԱՎ ֆոբիայով»: Այս վիճակը նկարագրվում է բժշկության մեջ որպես ՁԻԱՀ-ով վարակվելու վախի վիճակ: Նմանատիպ ապրումների պատճառով նրանց մոտ իրոք կարող են հիվանդության ախտանիշներ նկատվել, ինչը պայմանավորված է հոգեբանական պատճառներով: