Իր գաղափարական ուղղվածությամբ «Տաշիր-2011»-ը չէր տարբերվում նախորդ «Տաշիրներից»` նույն ռաբիսության և ռուսամոլության գռեհիկ ցուցադրումն էր` լճացման շրջանի «քյաբաբ-շոու»-ի հոտով, «Առավոտ» թերթի խմբագրականում գրում է Արամ Աբրահամյանը:
Ես ինքս ռուսական մշակույթի ջերմ երկրպագուն եմ, մեր բարեկամ ժողովուրդն իսկապես ստեղծել է հզոր ազգային արվեստ` առաջին հերթին գրականություն և երաժշտություն, որոնց նմուշներին ծանոթ չլինելը ուղղակի աղքատացնում է մարդուն: Բայց «ռուսական մշակույթ» ասելով ես հասկանում եմ, օրինակ, Պուշկին կամ Չայկովսկի, ոչ թե Նիկոլայ Բասկով կամ Քսենյա Սոբչակ: Ինձ ոչ ոք չի բացատրել, թե որն է այդ աղջկա մասնագիտությունը, ո՞ր բնագավառում է նա վարպետացել և արժեքներ ստեղծել` լրագրության, կինոյի, թատրոնի, երգի, պարի, և հատկապես ո՞ր ծառայությունների համար է նրան տուն հասնում Հյուսիսային պողոտայում: (Երկու ձեռքով կողմ կլինեի, եթե ռուսահայ միլիոնատերը գնահատեր, ասենք, Բորիս Գրեբենշիկովի կամ Վալերի Գերգիևի կատակը):
Օտարներին բնակարան կամ ավտոմեքենա նվիրելը պարզապես «ժեստ» է` պարզ է, որ նրանք դրա կարիքը չունեն, բայց մենք`հայերս, այդ մարդկանց սիրում և հարգում ենք: Չնայած բոլոր դեպքերում կարելի է հարգանքն արտահայտելու այլ ձև գտնել:
Սակայն երբ մեր «Մանթաշովը» խրախուսում է նյութական լուրջ խնդիրներ չունեցող հայերին, դա արդեն ուզես-չուզես, ձեռք է բերում սոցիալ-քաղաքական ենթատեքստ:
«Տաշիրի» կազմակերպիչները և անձամբ Սամվել Կարապետյանը պետք է այնքան «քթի ծակ» ունենային, որ հասկանային` երբ կան հազարավոր հայաստանցիներ, որոնց աշխատավարձը լավագույն դեպքում 200-300 դոլար է, երբ միայն Գյումրիում կա 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 3157 անօթևան, շաբաշ ցփնելը կարող է վրդովմունք առաջացնել: Մեկ «աստղին» կես միլիոն դոլար արժողությամբ տուն նվիրելու փոխարեն կարելի է լուծել 10 կարիքավորների խնդիրը: Մեր մշակույթի գործիչներին, իհարկե, նույնպես պետք է խրախուսել:
Օրինակ` այն գրադարանավարին, որը ամբողջ ձմեռ վերարկուով սառը սենյակում իր գործն է անում, դաշնամուրի այն դասատուին, որը կոպեկների դիմաց ամեն օր գալիս է դպրոց: Իսկ «աստղերն» իրենց հացը այսպես թե այնպես վաստակում են, նրանցից ոմանք էլ իրենք կարող են բարեգործությամբ զբաղվել: Մասնավորապես, Արմենչիկը, որին նույնպես տուն են նվիրել Հյուսիսային պողոտայում, և որը, ըստ ամենայնի, այդ տանը չի պատրաստվում ապրել` գերադասելով ավելի տաք Լոս Անջելեսը:
Հետաքրքիր է, որ նրա «Վերադարձ» երգը, որտեղ նա կլկլացնելով երգում է հայրենիքի` իրենց խեղդող կարոտի մասին, Youtube-ում նայել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Դրանից կարելի է երկու հետևություն անել. լավատեսական` մեր ազգի ընդամենը մեկ քառորդն է ռաբիս, հոռետեսական` նույնքան մարդ գերադասում է Հայաստանը սիրել հեռվից:
…«Իսկական» Ալեքսանդր Մանթաշովը օգնում էր Կոմիտասին: Իսկ «Տաշիր Սամոն»` Արմենչիկին, չնայած վերջինս օգնության որևէ կարիք չունի: Այդպիսին է մեր մեծահարուստների` մեկ դարում անցած ճանապարհը: