Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում 1:5 հաշվով պարտություն կրեց իսպանական «Բարսելոնայից»: Կարելի է ասել, որ խաղի հաշիվը չէր համապատասխանում թիմերի ցուցադրած խաղին, բայցևայնպես «Բարսելոնան» հաղթեց` օգտագործելով իր խաղամակարդակի առավելությունը, իսկ «Շախտյորը», չնայած ողջ ցանկությանը, այսօր զիջում է մրցակցին մի շարք գործոններով: Հիմնականում դա ֆուտբոլիստների անհատական վարպետություն է, որը դարձավ այս խաղի վճռորոշ գործոնը: «Բարսայի» պաշտպան Դանի Ալվեսը հայտնվում է կենտրոնական հարձակվողի դիրքում և օգտագործում է խաղընկերոջ կողմից ստեղծած պահը, իսկ ահա Դոնեցկի թիմի հարձակվող Լուիզ Ադրիանոն հարմար դիրքից չի կարողանում գրավել դարպասը: Որպես արդյունք` 5:1 օգուտ դաշտի տերերի: Այնումանայնիվ, պետք է նշել, որ «Բարսայի» պաշտպանությունը բավական խոցելի էր թվում, և հյուրերը կարող էին ավելի լավ իրենց դրսևորել առջևի գծում:
«Բարսելոնան» արագ բացեց հաշիվը. արդեն 2-րդ րոպեին Անդրես Ինիեստան գրավեց Պյատովի դարպասի մոտ անկյունը: Դրանից հետո հյուրերն առնվազն երեք անգամ պարտավոր էին գրավել «Բարսելոնայի» դարպասը, սակայն դա նրանց չհաջողվեց, իսկ ահա «Բարսան» օգտագործում էր իր պահերը: Դանի Ալվեսը, Պիկեն, Կեյտան և Չավին դարձան գոլերի հեղինակներ դաշտի տերերի կազմում, «Շախտյորի» միակ գնդակը խփեց պաշտպան Ռակիցկին: Խաղադաշտում 90 րոպե անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը, ով կենտրոնացած էր սեփական պաշտպանությանը օգնելու վրա, և բավական քիչ էր մասնակցում հարձակվողական գործողություններին:
Օրվա ևս մեկ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Անգլիական երկու թիմերի հակամարտությունում միակ գնդակը առաջին խաղակեսում խփեց Ույեն Ռունին` օգտագործելով Ռայան Գիգզի հիանալի փոխանցումը: «Չելսին» առնվազն երկու 100-ոց գոլային պահ կորցրեց, և այժմ պատասխան խաղից առաջ բավական ծանր վիճակում է հայտնվել: