Home / Հայաստան / Արաբկիրում Կոնգրեսի ակտիվիստից խլել են թռուցիկներով տոպրակը

Արաբկիրում Կոնգրեսի ակտիվիստից խլել են թռուցիկներով տոպրակը

Այսօր ժամը 14.00-ի սահմաններում «Բարեկամություն» կայարանի մոտ` դեպի Կիևյան փողոց տանող հատվածում Հայ Ազգային Կոնգրեսի թռուցիկները փակցնող ակտիվիստի ձեռքից խլել են թռուցիկներով տոպրակը, քաշքշել են նրան, այնուհետև նրա վրա են լցրել թռուցիկները փակցնելու համար նախատեսված սոսինձը:

Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է տուժածը՝ Դիանա Մարդանյանը:

«Սկզբում երկու մեծ մարդիկ մոտեցան, ասացին՝ միևնույնն ա, որ կպցնես, պոկելու ենք: Ես հարցրի՝ իսկ դուք ո՞վ եք, որ պիտի պոկեք, ասեց՝ իրավուքն չունես կպցնելու: Ես էլ ասեցի՝ ցույց տվեք ձեր փաստաթուղը, ով եք: Ասեցին՝ մենք այս տարածքի հսկողներն ենք: Ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին, սկսեցին վիճել ինձ հետ, ես էլ ասեցի՝ հիմա ոստիկան կկանչեմ: Այդ պահին այդտեղով անցնում էր մի ոստիկան, որին ասացի, որ այդ երկուսը ինձ խանգարում են, նրանq երկուսն էլ հերքեցին, որ նման բան են արել: Ասեցի՝ բա դուք չեք ամաչում, ստում եք,այդ  ոստիկանն էլ ասեց՝ ես ՍԴ-ի ոստիկան եմ, ես այս տարածքի հետ կապ չունեմ: Դրանից հետո իրանցից մեկը գնաց, բերեց մի երկու թաղային խուժաների, որոնք եկան թռուցիկը կպցնելու պահին ձեռքիս քաշեցին տոպրակը, սկսեցին ինձ քաշքշել, սոսինձը թափեցին վրաս ու տոպրակը պոկելով տարան: Տոպրակի մեջ էլ պայուսակս էր, տան բանալիներով: Ես բղավեցի՝ գող, բանալիներս գոնե քցի, պայուսակս հետ քցեցին ու փախան»,- պատմել է Մարդանյանը:

Նա նշեց, որ տոպրակում մի քանի թռուցիկներ էին մնացել ընդադմենը, մեծ մասը նա արդեն փակցրած է եղել:  Դեպքից հետո Մարդանյանը գնացել է Արաբկիրի ոստիկանություն, որտեղ նրան ընդունել է Արաբկիրի ոստիկանապետի տեղակալը: Տուժածը հանցագործության մասին դիմում է ներկայացրել: