Դաշնակցության համար բնութագրական է՝ հակառակորդին մեղադրել հենց այն հանցանքներում կամ սխալներում, ինչ ինքն է գործել կամ գործում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը` մեկնաբանելով ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ «Հայ Ազգային Կոնգրեսը գործող իշխանությունների հետ շատ ավելի սերտ ընդհանրություններ ունի` չնայած հայհոյանքներին, իրար ինչ ասես ասելուն»:
Հովհաննիսյանը նշել էր նաև, որ կան քաղաքական ասպարեզներ, որտեղ «նրանց մոտիկ լինելը ցայտուն նկատվում է, ինչպես օրինակ` Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց»:
Սարգսյանի խոսքով` վերոնշյալ երկու հարցերում Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։
«1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանի և «հայտնի ուժերի» հակադրության հիմքում ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տրամագծորեն հակառակ փիլիսոփայությունը։ Առաջին նախագահը առաջնորդվում էր «ռեալպոլիտիկով», որ ենթադրում է քաղաքական հեռահար հաշվարկ ու քաղաքականությունը ընդունել որպես հնարավորի արվեստ: Նրան ընդդիմացողները առաջնորդվում էին, ըստ էության, «հայդատականության» գաղափարախոսությամբ։ Այս վերջինը ավելի հստակվեց 2000 թվականից՝ Ռոբերտ Քոչարյանի մենիշխանության հաստատմամբ։ Ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղի խնդրի լուծումը կնշանակեր հողմացրիվ անել հայդատականությունը։ Քանզի վերջինս իր հողային պահանջատիրության հիմքով ենթադրում է, որ պետք է լինի մեկ սուբյեկտ (մեր զրուցակիցն ընդգծել է այս արտահայտությունը – խմբ.), որը պետք է պահանջի և ստանա։ Ինքնորոշվող սուբյեկտի առկայությունը դրա հերն անիծում է։ Հայդատականությունն էլ, իր այսօրինակ ընկալմամբ դաշնակցության գաղափարախոսական հիմքն է։ Եվ հենց հայդատական այս փիլիսոփայությամբ թե գաղափարախոսությամբ առաջնորդվելով է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրեց Ղարաբաղի ինքնորոշվող սուբյեկտ լինելու կարգավիճակը՝ նրան որպես հակամարտող կողմ դուրս մղելով բանակցություններից։ Հենց նույն հայդատական սկզբունքով առաջնորդվելով է, որ ՄԱԿ-ի ամբիոնից հայդատական ելույթ ունեցավ։ Հենց այդ ելույթով առիթ ու հիմք տվեց Էրդողանին՝ գրելու իր հայտնի նամակը «պատմաբանների հանձնաժողով» կազմելու մասին։ Հենց այս նամակն էլ հիմք հանդիսացավ այն արձանագրությունների, որոնց դեմ սկսեց «պայքարել» դաշնակցությունը։ Զավեշտ է», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ Դաշնակցությունը ներկայիս իշխանության հետ ո՛չ ընդհանրությունների չափ պարզելու, ոչ էլ համագործակցելու հարց չի կարող ունենալ:
«Քանզի նրանք նույնական են, և այս վարչախումբը, սկզբից ևեթ, ըստ էության, առաջնորդվում հենց այն գաղափարախոսությամբ, ինչը, դաշնակցության հավաստմամբ, իր սրբության սրբոցն է», – ասել է բանախոսը։
Լուսանկարը` chi.am