Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները կասեցնելու խնդրանքով, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տրամադրության տակ հայտնված նամակում Քադաֆին խնդրում է Բարաք Օբամային դադարեցնել «անարդար պատերազմը զարգացող երկրի փոքր ժողովրդի նկատմամբ»: Բացի դա, լիբիական առաջնորդը ԱՄՆ նախագահին «որդի» է անվանում և նրան հաղթանակ է ցանկանում 2012 թվականի նախագահական ընտրություններում:
Քադաֆիի խոսքով` ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները Լիբիային բարոյական վնաս են հասցնում: Նա նաև նշել է, որ ժողովրդավարությունը չի կարելի կառուցել ինքնաթիռների և հրթիռների օգնությամբ: Բացի դա, Մուամար Քադաֆին հիշեցրել է, որ իր կարծիքով լիբիական ռեժիմի հակառակորդները «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Գործակալության տվյալների համաձայն, Վաշինգտոնը փաստաթղթի իսկության առնչությամբ կասկածներ չունի:
Հիշեցնենք, որ Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունները սկսվել են մարտի 19-ին, երբ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի Ներքին Զորքերը և ծովային ուժերը առաջին հարվածները հասցրեցին լիբիական պաշտպանական ուժերի և իշխանական զորքերի նշանակետերին: Մարտի 31-ից ռազմական գործողություններն իրականացնում է ՆԱՏՕ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն առաջարկել է Մուամար Քադաֆիին փոխզիջումների գնալ: Իշխանության հրաժարականի և ռազմական գործողությունների դադարեցման դեպքում Քադաֆիին առաջարկել են Աֆրիկական միության նախագահի պաշտոնը: